Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. Վերեւից նայելիս` Երեւանը սոսկալի տեսք ունի

Դեկտեմբեր 04,2012 14:41

«Ներկայումս Հայաստանի պարագայում չկա հստակ քաղաքաշինական մոտեցում: Յուրաքանչյուր քաղաք զարգացող օրգան է, որը ունենում է փոքրիկ շեղումներ, բայց հիմնական ուղղությունը գլխավոր հատակագիծն է` սահմանված քաղաքաշինական բոլոր նորմատիվներով: Մեր հիմնական խնդիրն է` հարազատ մնալ այդ նորմատիվներին եւ չշեղվել հիմնական ուղղություններից»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով` Երեւանի խիստ կառուցապատված լինելը բնակիչների շրջանում անհանգստություն է առաջացնում. «Մենք սեյսմիկ գոտում ենք գտնվում: Ինչքան էլ ասենք, որ ներկայիս շինարարության որակը բարձր է ԽՍՀՄ շինարարության որակից, միեւնույն է, շատ խնդիրներ կան: Մենք չգիտենք, թե երկրաշարժի դեպքում նոր շենքերն իրենց ինչպես են «պահելու» կենտրոնում նման խիստ կառուցապատման պայմաններում: Խնդիրներ կան նաեւ բնակֆոնդի հետ կապված. հին շենքերը, որոնք տարիներ շարունակ չեն հիմնանորոգվել, այժմ վթարային վիճակում են»:

Անդրադառնալով ԱԳՆ շենքի վաճառքին` Մկրտիչ Մինասյանը ասաց. «Երբ վարչական մարմիններին ասում ենք, որ չի կարելի այսպես անել, մեզ պատասխանում են, թե տնտեսական հաշվարկներից բան չենք հասկանում եւ խանգարում ենք գործարարներին: Մենք հասկանում ենք պետության համար տնտեսական հաշվարկների կարեւորությունը, բայց դրանք պետք է նպատակաուղղված լինեն եւ պաշտպանեն քաղաքի եւ քաղաքացու շահերը: Քաղաքին պետք են հյուրանոցներ, բայց Հանրապետության հրապարակը յուրահատուկ նշանակություն ունի: Եթե հետագայում փոքր- ինչ աղճատվի ԱԳՆ-ի շենքը, Հրապարակը կկորցնի իր տեսքը»:

Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ Երեւանն այլեւս վարդագույն քաղաք չէ. «Այն արդեն բազմագույն է, իսկ վերեւից նայելիս` սոսկալի տեսք ունի: Տուֆի հանքավայրերը խնայողաբար պետք էր օգտագործել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31