Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգուս ճիչը. «Մնացեք այստեղ, մեզ հետ կրեք ազգային հոգսերը»

Դեկտեմբեր 04,2012 14:37

Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Մամուլում և հեռուստատեսային հաղորդումներում հաճախ լսում եմ իշխանավորների, երկրի ղեկավարների ելույթներ, մեկնաբանություններ, որոնցում արդարացվում է հայերի Հայաստանից հեռանալու և օտար երկրներում գոյություն պահպանելու փաստը:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ մարդիկ անտեսում են ազգային հոգևոր գա¬ղա¬փարներն ու մեր գանձերը սրբազան: Հիշեք, որ երկրում էլ լինեք, կյանքն ակնթարթ է:

Մի հեռացեք հայոց սուրբ հողից: Չէ որ այն Ձերն է, ձեր պապերի ու ժառանգների միջոցով է երկիր դարձել: Մի թողեք ձեր երկիրն ուրիշներին, մի հավատացեք քաղաքական կեղծ ու արհեստական կուսակցությունների խարդախություններին: Մնացեք ձեր հայրենիքում, տեր կանգնեք ձեր պապերի արյունով ստեղծված երկրին ու հողին: Պայքարեք արդարության, ազնվության և ձեր իրավունքների համար: Մի խուսափեք հերոսական քայլերից: Այս դառը իրականության մեջ փորձեք պայքարել ճշմարտության և սկզբունքայնության համար:

Հիսուն տարի շարունակ եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում, հանդիպել ու զրուցել տարբեր մասնագիտությունների տեր հազարավոր մարդկանց հետ, գրել հազարավոր հոդվածներ նրանց հայրենասիրական գործունեության և մարդկային արժանիքների մասին: Որպես լրագրող այսօր ևս չեմ դադարել նույն գործը շարունակելուց: Բայց սիրտս թախծով է լցվում, երբ հանդիպում եմ կյանքից դժգոհ, սեփական հողատարածքից հոգնած, անիմաստ կյանքով ապրող, անգործունյա մարդկանց: Ցավ եմ ապրում հատկապես տաղանդավոր մարդկանց, երիտասարդ մասնագետների՝ ՙերկնային դրախտ՚ որոնողների համար:

Աշխարհի տարբեր քաղաքներում Հայաստանի կրթության և գիտության դիպլոմ¬ները գրպանում հայ մարդն աղերսներով աշխատանք գտնելու է գնում: Մասնագետը համաձայն է աշխատել մատուցող, հավաքարար, փողոց մաքրող, միայն թե աշխատանք ունենա: Նման սահմռկեցուցիչ դեպքերի եմ հանդիպել աշխարհի տարբեր քաղաքներում: Նայել եմ հայի թախծոտ աչքերին ու հեռացել:

Մեր ճակատագիրը շատ ծանր է, մեր մեջքը խորտակեց և երկրեերկիր ընկանք: Ժամանակն է, որ խորհենք, իրար հասկանանք: Արագիլները չվելուց առաջ կանգնում են նույնիսկ մեկ ոտքի վրա, նայում իրենց կառուցած բնին ու նոր հեռանում, թռչում են՝ չքանդելով իրենց կառուցածը՝ օրերից մի օր այն պետք է գալու:

Փորձենք ամրանալ հողին, պայքարենք խաղաղությամբ, պատժենք չարերին: Դուք հայրենիքին եք պետք, գաղթաշխարհը ձերը չէ: Մի լքեք երկրի արևը, հողը, ջուրը, օդը, ձեր անցյալն ու ներկան: Դուք եք երկրի տերը, պայքարեք ձեր իրավունքների համար: Հայրենիքը ձեզ տվել է լեզու, գեղեցկություն, ճշմարտություն, ցանուցիր մի դարձրեք այն:

Հոգնած ու մաշված գրիչս փորձում է սիրալիր տոնով մեղմել ոմանց գայլային ախորժակը, շատերի լկտի գործելակերպը:

Հայ գյուղացուն մնաց տառապալից մի կյանք, որ նորից հնչեցնի Թումանյանի տողերը.

Դարձել է ախպեր, աշխարհը առ ու փախ,

Սերը դարձել սուր ու ջուրը՝ արին,

Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ ահ,

Վայը եկել է, տարել տկարին…

Ամոթն ու ահը կորցնելու չափն անչափելի է դարձել, չափը կորել է, չափելու տեղ չի մնացել:

Հայաստանից հեռանալու բազմաթիվ պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ իրենց ապրելու և կենսագործունեության պայմանները բարելավելու նպատակով ստիպված թողնում հեռանում են հայրենիքից, որպեսզի ոչ միայն իրենք գոյատևեն, այլև օտար երկրներում մեծ դժվարություններով ձեռք բերված վաստակի մասն ուղարկեն հայրենիք՝ պահպանելու ընտանիքի մյուս անդամների գոյությունը, ինչպես նաև, եթե հնարավոր է, հայրենիքից հեռու պայմաններ ստեղծելն իրենց մոտ տեղափոխելու հարազատներին: Այլ խոսքով, մարդկանց հայրենիքից հեռացումը հիմնականում կապված է աշխատանքի և կյանքի լավագույն պայմանների որոնման հետ:

Աշխատանքի որոնման արդյունքում տեղի են ունենում անվերադարձելի և անօրինական բազմաթիվ երևույթներ, որտեղ տուժում է ոչ միայն անհատը, այլև ազգը: Հեռացողների թիվը շարունակ մեծանում է:

Հոգեբանական կորուստն ավելի մեծ է, քան տնտեսական շահը: Հայաստանում հասարակությունը ծերանում է, բնակչության թվաքանակը նվազում:

Այսպես, խախտվում է պետության կառուցվածքային հիմքը, բնակչության ծնելիության գործակիցը նվազում է: Ազգային անկումներ են գրանցվում այլ ոլորտներում:

Նախկին խորհրդային կարգերի դռներն ու պատուհանները բացվեցին, որի հետևանքով էլ փոխվեց մարդկանց վարքագիծը, ձևավորվեց սոցիալական, տնտեսական ծանր և անվերջանալի շրջան: Մարդկանց մեջ առաջացավ լարվածություն:

Մարդիկ չեն գնահատվում իրենց ընդունակությունների և կատարած աշխատանքի համար և վիրավորված հեռանում են հայրենիքից: Անձը հեռանում է հայրենի հողից՝ մոռանալով իր անցյալն ու հայրենիքի սերը: Հեռանալով երկրից, մարդիկ կորցնում են իրենց կյանքի ողջ ձեռքբերածը, ընտանիքի վարքագիծը:

Հայաստանում տեղի ունեցող եկամուտների բաշխման խիստ անհավասարու¬թյունը, մարդկանց հասցնում է զրկանքի, որն էլ դառնում է հեռացման պատճառ: Հայերը դարձել են շարժունակ բնակչություն:

Գաղթական դառնալու վարքը հայերն ավելի շատ ձեռք բերեցին վերջին քսան տարիների իշխանությունների գործունեության հետևանքով: Եվ այսպես շարունակ ընդարձակվում են կապերն արտասահմանում ապրող ազգականների հետ և ստիպված գաղթում են:

Հայաստանից արտագաղթում են ոչ միայն բանվորներն ու արհեստավորները, այլև բարձր որակավորում ունեցող մասնագետները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներն արտասահմանում աշխատանքի են անցնում առավել շահավետ պայմաններով:

Բազմաթիվ մարդիկ արտագաղթում են՝ ելնելով նյութական շահից: Յուրաքանչյուր արտագաղթող ունի իրեն բնորոշ շարժառիթը և սեփական փորձը: Մարդիկ, իհարկե, ցանկանում են խուսափել աղքատությունից, բայց ոչ բոլոր աղքատներն են արտագաղթում: Այս հարցի վերաբերյալ մոտեցումները երկուսն է՝ անհատական և կառուցվածքային: Անհատական մոտեցումը դիտվում է որպես յուրաքանչյուր էակի բնական խնդիր: Մյուս մասը (ով հնարավորություն ունի) ձգտում է այն տարբերակին, որի դեպքում առաջարկվում են ամենաբարձր աշխատավարձը և աշխատանքի լավագույն պայմանները: Դա ընդունվում է որպես ՙմարդկային կապիտալի՚ նկատմամբ մոտեցում:

Այսպես, ինչպես կապիտալը տառապում է աշխարհով ներդրվելու լավագույն տարբերակի փնտրտուքով, այնպես էլ բարձր մասնագիտացում ունեցող անհատներն էլ ձգտում են այնտեղ, որտեղ հնարավոր է ստանալ բավարար եկամուտ՝ օգտվելով ՙմարդկային կապիտալից՚:

Սոցիալ-տնտեսական իրավիճակն առաջին հերթին առաջացնում է ՙուղեղների արտահոսք՚: Երկիրը կորցնում է կրթված և որակավորում ունեցող աշխատողներին, ինչը տանում է երկրի ներուժի թուլացմանը:

Հայաստանը կորցնում է աշխատունակ տարիքում գտնվող մարդկանց մի մասը, կորցնում է այն միջոցները, որոնք ծախսվել են աշխատունակ մարդկանց կրթության և մասնագիտական պատրաստման վրա:

Այն մասնագետները, ովքեր դուրս են գալիս երկրից, խիստ անհրաժեշտ են ազգային տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար:

Մնացեք Հայաստանում, փորձեք գտնել ձեր իրավունքներն ու ձայնի արժեքը: Հիշեք, որ ձեր հեռանալով կործանում եք մնացողների և ողջ ազգի գոյության հեռանկարը: Դուք հեռանում եք երկրից և մնացողների վրա բարդում երկրի ամբողջ պարտքը:

Դատարկվում են գյուղերը լեռնային, դատարկվում են կարիքից: Հույս ու հավատ չմնաց, կործանվում են ապագայի վառ հույսերը:

Մնացեք այստեղ, մեզ հետ կրեք ազգային հոգսերը:

Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31