Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը հավաքել է անհրաժեշտ ստորագրությունը, ՀՅԴ-ն չի միացել

Դեկտեմբեր 04,2012 14:27

Անհրաժեշտ էր 27 ստորագրություն հավաքել, որպեսզի ընդդիմությունը դիմեր Սահմանադրական դատարան՝ ՀՀԿ-ի կողմից արտահերթ նիստը տապալելու պատճառով: Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ հավաքել են 34 ստորագրություն: Ընդդիմությունը պահանջում է սահմանադրական այն կետը, որը թույլ էր տալիս վիժեցնել ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու քայլը, այդ դրույթը համարել հակասահմանադրական. «Այլեւս չեն կարողանա ՀՀԿ-ականները քվորումի բացակայության պատճառով տապալել նիստը: Մենք գնում ենք ՀՀԿ-ի բռնապետության դեմ համախմբման ճանապարհով»:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՅԴ-ն հայտնել է իր անհամաձայնությունն այդ հարցին ու չի միացել նախաձեռնությանը, հետեւաբար չի ստորագրել: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «ՀՅԴ-ի հետ այդ հարցով խորհրդակցել ենք, իրենք նույն հարցը լուծելու մեկ այլ տարբերակ են տեսնում՝ սկզբից գնալ էթիկայի հանձնաժողով, հետո դիմել ՍԴ՝ մեկ այլ հայցով: Մեր փաստարկը եղել է հետեւյալը՝ եկեք փորձենք իրար օգնենք, անգամ՝ եթե այնքան էլ նախաձեռնությունը ճիշտ չենք համարում: Իրենք ընտրել են մեկ այլ ճանապարհ: Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Առավել եւս, որ անհրաժեշտ ստորագրությունների քանակը հավաքվել է»:

Ստորագրել է ՀԱԿ խմբակցությունն ամբողջությամբ, «Ժառանգություն» ու «Ազատ դեմոկրատները» եւ ԲՀԿ-ից այնքան պատգամավոր, որ ստացվել է 34 ստորագրություն:

Հարցին՝ հույս ունեք, որ հակասահմանադրակա՞ն կճանաչվի ձեր նշած դրույթը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում հույս ունենալ: Լսեք, երբ որ մենք 3 տարի Ազատության հրապարակում դիմում էինք հանրահավաք անցկացնելու, մենք հույս ունեի՞նք, որ մեզ կթույլատրեին, բայց մենք պայքարում էինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31