ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները եկան համաձայնության՝ որոշելով
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ ներկայացրած որոշման նախագիծը քննարկել նախագահական ընտրություններից հետո:
Ինչպե՞ս են գնահատում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մի կողմից իշխանության նման որոշումը, մյուս կողմից՝ ՀԱԿ-ի համաձայնողականությունը, Aravot.am-ը պարզեց տարբեր քաղաքական գործիչների հետ զրույցում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Երեկ լսել եմ Դավիթ Հարությունյանի խոսքերը: Ինձ համար դա էր կարևոր, թե իշխանությունն ինչպես է պատկերացնում այդ հանձնաժողովի գործունեությունը: Նա հայտարարեց, թե այդ հանձնաժողովը չպետք է քաղաքական, իրավական հարցեր լուծի: Այդ դեպքում ի՞նչ հարցեր պիտի լուծի հանձնաժողովը: Այն պահանջը, որ ինքը դրել էր, որ 50 տոկոսը պիտի իշխանությունը լինի, իշխանությունն այդպիսով գտել է, թե ինչ սահմանագիծ պիտի ունենա հանձնաժողովի աշխատանքները: Ուստի՝ հիսուն տոկոսի առկայության դեպքում բավարար է որոշում չընդունելը, այնպես, ինչպես եղավ խորհրդարանական արտահերթ նիստի ժամանակ: Իսկ ՀԱԿ-ի մասով, ՀԱԿ-ն ինքը պիտի բացատրի: Համենայնդեպս, այդ ամենի մեջ որևէ դրական ակնկալիք չունեմ: Եթե սա երկրորդ ռաունդն է երկխոսության 2011-ից հետո, դա արդեն ՀԱԿ-ի խնդիրն է, չեմ ուզում մտնել մատի ու մատանու միջև: Երկխոսություն 2, սա գուցե նոր սերիան է երկխոսության: Ժամանակին հենց Դավիթ Հարությունյանն էր տանում երկխոսությունը»:
Կարդացեք նաև
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը տրամաբանական համարում է երկխոսության հնարավորությունը և վերլուծելով իշխանության և ՀԱԿ-ի գործելաոճը՝ նշեց. «Իշխանությունների գործելաոճը հասկանալի է: Եթե լրիվ մերժեին ընտրություններից առաջ, պիտի ասեին՝ չեն ուզում բացահայտել և այլն: Սա լուրջ PR չէ, ու հասկանալի է՝ դրա համար էլ մեկ տարով հետաձգեցին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ապա չհասկացա, թե առաջարկն ինչի մեջ էր: Եթե հանձնաժողովը պիտի լինի այնպիսին, որը եղել էր, հիմա լավ էր, վատն էր, հարցը դրանում չէ: Ապա եթե այն չի ունենալու հստակ ձևավորված քննիչների և այլ խմբեր, ո՞րն էր առաջարկի նպատակը: ՀԱԿ-ը երկխոսում է Սերժ Սարգսյանի հետ, հետո մերձենում ԲՀԿ-ի հետ: Սա կոչվում է բազմավեկտոր քաղաքական գիծ: Հիմա չգիտեմ՝ այնքան բազմավեկտոր չլինի, որ վերջում վեկտորը լրիվ կորի»:
Զրույցն ամփոփելով՝ Ա. Կարապետյանը նշեց. «Մարտի 1-ի հետ կապված հանձնաժողովի հարցը լուծումը չգտավ, փորձ արվեց ինչ-որ ձևով լուծում տալ այս ամենին: Իմ տեսակետից այդքան էլ լավ լուծում չէ, եթե չասեմ, որ վատ լուծում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ