Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ընկերաբար խորհուրդ կտար «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանին՝ թիվ 1 ընտրատարածքում Աժ լրացուցիչ ընտրություններում չառաջադրվել: «Ստյոպա Սաֆարյանն ունեցավ մի խնդիր: Ընկերական եմ ասում, ինքը չպետք է դներ՝ լավ հասկանալով , որ այն ժամանակ իր 10.000 ձայնը ոչ այնքան իրենն էր, որքան այն ժամանակ Հայրապետյան Ռուբենին դեմ ձայներն էր իրեն եկել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Քոչարյանը: Նրա դիտարկմամբ, ընտրություններում վաղուց արդեն գաղափարական պայքար չկա, փողի պայքար է. « Թաղային, քաղաքային եւ ամեն տեսակի հեղինակություն կա, բացի հանրապետական հեղինակությունից: Հանրապետությունում չկա այն հեղինակությունը, որ հետեւից ժողովուրդը գնա: Արվեստում էլ չկա, որովհետեւ մեր արվեստագետների մի մասը համաձայն են ռեսուրսներով աշխատել, մյուս մասը քաշվում է մի կողմ ու չի ցանկանում պայքարել: Էլիտան հետ է քաշվել, մնացել է դաշտում այն, ինչ մնացել է: Իհարկե, սա գործընթաց է, արդեն անցել ենք ներքեւի պիկը նաեւ քաղաքական առումով, չկա այն պլինտուսից ցածրը, արդեն վեր է գնում»:
ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ համաձայնեց, որ փողի պայքար է ու պնդեց, թե սերնդափոխությունն է պակասում:
Հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում հնարավո՞ր են անակնկալներ Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի երրորդ օրինակը, պարոն Քոչարյանն ասաց. «Արտաշես Գեղամյանի եւ Արթուր Բաղդասարյանի պարագայում մի քիչ այլ էր: Այնտեղ կային հիմնական երկու գործող ֆիգուրներ՝ Ռոբերտ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան, երրորդը Արտաշես Գեղամյանն էր: Կար Սերժ Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան, երրորդը՝ Արթուր Բաղդասարյանն էր, երրորդն էր, որ խաղում էր: Հիմա երրորդը չկա, հիմա կա Սերժ Սարգսյան ու չգիտենք՝ ինչ, եւ երկրորդն էլ առայժմ չկա, սա է խնդիրը: Սա վերջին 20 տարվա քաղաքական դաշտի փոշիացման հետեւանքն է»:
Կարդացեք նաև
Պարոն Արշակյանն էլ հավելեց. « 2-րդ քաղաքական գործիչը հայտնի չէ, բայց ով էլ որ Սերժ Սարգսյանի մրցակից լիներ, կուզենայի ունենար քաղաքական կենսագրություն: Իշխանության հավակնորդները չափազանց անծանոթ են հասարակությանը»:
Հարցին, թե նախագահի արդեն հայտնի թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը քաղաքական կենսագրություն չունե՞ն ու անծանո՞թ են հասարակությանը, նախկին պատգամավորը պատասխանեց. «Պարույր Հայրիկյանի համար կարող եմ ասել, հուշարձան է, նա միշտ կարող է դնել ու միշտ կա: Առանձին հարց է՝ ինչքան ձայն կհավաքի ու ինչ հաջողություններ կունենա: Իսկապես հաղթող հավակնորդ թեկնածու չունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ