Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք. երբ լռությունն անկեղծ չի

Դեկտեմբեր 04,2012 13:56

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»։ Գրում է Հովհաննես Թումանյանը 1907 թվականին՝ «Անկեղծ չենք» հոդվածում։ «Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է… Այսպես պիտի լիներ մարդը առավել եւս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետեւանք, որ ուրիշ ժամանակ աներեւակայելի է։ Նրա այս խոսքից կամ շարժումից կախված է շատ բան։ Եվ հանկարծ … դուք զգում եք… նա խաղ է անում, դերասանություն է անում։

Դերասանությունը… գարշելի է կյանքի մեջ…»,- շարունակում է Հովհաննես Թումանյանը։

Այս հոդվածից անցել է հարյուր եւ ավելի տարի, եւ գրեթե ոչինչ, պարզապես ոչինչ չի փոխվել։ Առաջվա պես խաղաղ չի աշխարհը, խաղաղ չենք մենք, առաջվա պես կեղծ մարգարեներն ու կեղծ հերոսները խցանել են իրականությունն, ու աղմուկի, քաղաքական ցեխի մեջ այնքան դժվար է զանազանել թացը չորից, կեղծն անկեղծից, ցավը վրեժից, դավադրությունը զոհաբերումից, բարեկամը թշնամուց…

Բոլորը դժգոհ են իրականությունից. մեծ մասը զզվում է, մի մասը բարձրաձայնում, մի մասը թողնում-հեռանում, մի մասը լռում, որոշները հաշտվում ու քարշ են գալիս, հայտնիների մի փոքր շրջանակ, նյութի տենդից կուրացած, ոչինչ չի տեսնում ու, երբ գալիս է կյանքը փոխելու փոքր, քաղաքակիրթ մասնակցության պահը՝ ոչ մի ներդրում, եւ այսպես ամլանում է մեր իրականությունը։

Թվում է, թե երբեք մեր հասարակությունն այս աստիճան անկարող, անտարբեր ու անհույս չի եղել… Թվում է միայն, որովհետեւ Թումանյանից, իսկ ավելի ճիշտ Խորենացուց հետո էլ մեր անհանգիստ միտքը ելք է որոնում ու շարունակ փնտրում ինչ անել, ով է մեղավոր հարցերի պատասխանները։

Ու մեր անկախության 22 տարիներին հասարակական, քաղաքական ու բարոյական համակարգային փոփոխությունների խնդիրը շարունակում է կենսունակ լինել ազգային օրակարգում։ Խոսքն ըստ էության լայն իմաստով մրցունակ երկիր-պետություն ունենալու մասին է։ Հասարակությունը կամ գոնե նրա մի հատված համառորեն բարոյական եւ հոգեւոր փոփոխությունների խնդիր իսկապես դնում է։ Ու, եթե համառորեն էլ ոչինչ չի փոխվում, մնում է հարց տալ՝ արդյո՞ք նոր Հայաստանի, նոր հայ մարդու խնդիրը հասունացած է, արդյո՞ք խնդիրը մտահոգություններից այն կողմ անցնում է եւ, ամենակարեւորը՝ արդյո՞ք կա այն անհրաժեշտ միջավայրը, քաղաքական ու քաղաքացիական ռեսուրսն ու որակները, որ հայրենիք-պետության նոր նկարագրի ու տեսլականի բանաձեւ պարտադրի, կողմնորոշիչներ ու ազդակներ փոխանցի հասարակությանը։

Անկասկած, համակարգային փոփոխությունների պատվիրատուն ինքնորոշված քաղաքացիական հասարակությունն է, որտեղ բացառիկ դեր ունի ազգի բարոյահոգեբանական նկարագիրը եւ հատկապես այդ նկարագրին արժեքներ, մոտիվներ, բովանդակություն ու չափանիշներ փոխանցող մտավորականությունը՝ ազգի հոգեւոր ու ինտելեկտուալ իշխանությունը։

«Մտավորականությունն ազգի խիղճն է». ենթագիտակցաբար այս հայտնի ճշմարտությամբ է ուղեկցվել հասարակությունը, երբ հայրենիքի ներքին ու արտաքին մարտահրավերների, ազգային համախմբումի ու առհասարակ մեր հավաքական գոյի խնդիրներում հայացքն ուղղել է մտավորականին։

Ցավոք, այդ հայացքը հիմնականում անպատասխան է մնացել, անդրադարձներն էլ՝ նվաղ կամ անատամ, Թումանյանը կասեր անկեղծ չլինելու չափ, հաշտվածի կամ դատապարտվածի կերպարով։ Որոշները լռել են կոչումի դիմաց, որոշները՝ մանդատի կամ պատվերի, որոշները բոլոր քսաներկու տարիներին հերթական նախագահի կողքը կանգնելու կամ նրա սեղանից օգտվելու գաղթակղության դիմաց, մի խոսքով՝ նյութի։ Իսկ պարտվել ենք բոլորս, բայց նախեւառաջ այն նախագահը, որին, հաստատ, անկեղծությունն ավելի հաճելի էր ու օգտակար, քան քծնող ու պատեհապաշտ լռությունը։

Յուրաքանչյուրն ունի փոխելու իր դաշտը: Արվեստագետի ու գիտնականի դաշտը հրապարակային չէ, մի քաղաքականացրեք մեզ, վրդովվում են ոմանք՝ գերադասելով իրենց արարումի սահմանն արվեստանոցից, սպիտակ թղթից կամ պաստառից այն կողմ չտարածել։

Ինչ-որ բան փոխելու մտավորականի լռությունն արժեզրկում է նրա կոչումը, նրա լռությունից որբանում է հասարակությունը, արդարացիորեն հակադարձում են հույսը չկորցրած որոշները։ Այո, դժվարը պարտվածի կողքին կանգնելն է, իսկ հաղթանակի տերերը շատ են, նույնիսկ, եթե հաղթանակը բարոյական չի։

Իսկ իրականում իմ եւ մտահոգ հասարակության ակնկալիքը մտավորականից քաղաքացիական է եւ ո՛չ քաղաքական (հատկապես քաղաքականի հայաստանյան ընկալումով՝ պատգամավոր, նախարար կամ փողոցում հեղափոխություն ու պիկետ անող)։

Նախագահի միջամտությունից հետո, բնապահպանական կամ քաղաքաշինական պոռթկումների հաջողությունները ողջունելն արժեք չունի, նույնիսկ ազնիվ չի։ Իսկ երկիր-հայրենիքի հավաքական արդյունքներն ավելին կլինեին, երբ չլռելու պահին հայ մտավորականը չորդեգրեր չեզոքության կամ համակերպվելու օբլոմովյան անպտուղ վարքագիծը։

Եվ արդյունքում Նոր Հայաստանի դիսկուրսը սահմանափակվում է ընդամենը անձերի եւ ոչ գաղափարների շուրջ։

Այո, «Անկեղծ չենք», այս էլ հարյուր եւ ավելի տարի ասում է Թումանյանը, իսկ «Դժոխքի ամենաթեժ անկյունները վերապահված են նրանց, ովքեր ցնցումների ու ճգնաժամերի ժամանակ լուռ չեզոքություն են պահպանում», արդեն ութ դար զգուշացնում է Դանթե Ալիգիերին։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31