Դեկտեմբերի 2-ին Եղեգնաձոր քաղաքում կայացավ «Տարածքային տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները» թեմայով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Պլենար նիստում տարածքային տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրներին նվիրված զեկույցներ ներկայացրեցին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը եւ ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Մարզպետը իր խոսքում շեշտադրում կատարեց քաղաքաշինության նոր ուղղությունների՝ մասնավորապես ակադեմիական քաղաքի կառուցման անհրաժեշտության մասին, համոզիչ փաստարկներ բերելով Վայոց ձորում նմանատիպ ծրագրերի իրագործման շուրջ: Որպես համայնքային տնտեսության զարգացման ուղղություն, պրոռեկտոր Վարդանյանը հիմնավորեց մարզերում արտադրական կլաստերների տնտեսական ձեւավորման արդյունավետությունը:
Գիտաժողովը շարունակվեց սեկցիոն նիստում, ուր մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը զեկուցումներով քննարկումներ ծավալեց տարածքային տնտեսության համաչափ զարգացման տնտեսական լծակների շուրջ: Հատկապես ակտիվ էին եղեգնաձորցի ուսանողները, որոնք տնտեսական զարգացմանն առնչվող հետաքրքիր հարցադրումներ էին ուղղում կառավարության ներկա անդամներին եւ բուհի ղեկավարությանը:
Ավարտին գիտաժողովի մասնակիցները տոնական մթնոլորտում շնորհավորեցին միմյանց՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակի առիթով, նշելով, որ այդ տարիներին համալսարանական օջախը լուրջ դերակատարում ունեցավ մարզի կրթական համակարգի զարգացման գործընթացում, թողարկելով մի շարք տնտեսագիտական մասնագիտություններով բակալավր եւ մագիստրոս շրջանավարտներ, նաեւ իրականացնելով գիտահետազոտական ծրագրեր:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Կարդացեք նաև
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ