«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 15-ին՝ իր առաջին համերգից 25 տարի անց, նույն օրը եւ նույն համերգասրահում Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը հանդես կգա հոբելյանական ծրագրով:
Ինչպես յուրաքանչյուր նոր անսամբլի ծնունդ, այնպես էլ «Բարեկամության» համար առաջին քայլերը հեշտ չեն եղել: Նորաստեղծ պարային կոլեկտիվը պետք է տարբերվեր եղածներից, ունենար իր դեմքն ու ձեռագիրը: Այսօր արդեն հայկական պարերի նոր մշակումները, աշխարհի ժողովուրդների հարուստ ֆոլկլորը, դասական մի շարք ստեղծագործությունների, այդ թվում՝ հայ եւ ժամանակակից կոմպոզիտորների յուրովի ու նոր մեկնաբանումները կազմում են անսամբլի ծրագրի հիմքը: Հյուրախաղերի աշխարհագրությունը սկսվեց անսամբլի ստեղծման տարվանից, տարիների ընթացքում ընդլայնվելով Մերձավոր Արեւելքի, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի, Ամերիկայի երկրներ: Եվ այս ամենը՝ շնորհիվ ՀՀ ժողովրդական արտիստ, անսամբլի անփոփոխ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի: Այնպես չէ, որ անսամբլի գեղարվեստական ղեկավարը ձեռք բերածով բավարարված է:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Նորայր Մեհրաբյանը հայտնեց, որ ամենամեծ պրոբլեմը անսամբլի փորձատեղիի խնդիրն է, որը գտնվում է նկուղային հարկում եւ շնչելու օդ չկա: Մեր զրուցակիցը շեշտեց, թե հնչեցրած խոսքերը բողոք չեն, հավելելով. «Մեզ մշտապես աջակցել է մշակույթի նախարարությունը, վերջին շրջանում էլ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Եվ եթե ուզում ենք պահպանել արվեստում մեր ձեռք բերած նշաձողը, պետք է կարողանանք ինչ-որ ձեւով լուծում տալ ծագած խնդիրներին»: Դիտարկմանը, թե Մեհրաբյանը կարծես բոլոր ժամանակներում եղել եւ մնում է թե հանդիսատեսի եւ թե իշխանությունների սիրելի արվեստագետներից, մեր զրուցակիցն ասաց, թե ինքը գիտի այդ մասին ու շնորհակալ է հանդիսատեսից մինչեւ իշխանությունները, ովքեր «իմ արվեստի հետ հաշվի են նստում»:
Կարդացեք նաև
Պարոն Մեհրաբյանը կոլեկտիվի հաջողությունները կապում է անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանի, պարուսույցներ Կարինե Ղազարյանի, Հրաչյա եւ Անահիտ Բադալյանների, Կարեն Մակինյանի, Հակոբ Մարգարյանի, իր խոսքերով՝ նրբագեղ ճաշակով պարերին համահունչ տարազների, ինչպես նաեւ ժամանակակից շնչով ձեւավորված զգեստների հեղինակ, նկարիչ Ռուբինե Հովհաննիսյանի հետ: Գեղարվեստական ղեկավարը չմոռացավ նշել «Բարեկամությունում» Ռուսաստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից եւ հայ երիտասարդ խորեոգրաֆների իրականացրած բեմադրությունները:
Իր ստեղծագործական կյանքում, դեռեւս Ազգային օպերային թատրոնի մենապարող, Մեհրաբյանը հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ՝ Յակոբսոնի ղեկավարած բալետային խմբում աշխատելու, բայց մի քանի տարի հետո վերադարձել է հայրենիք: Մինչդեռ իր սաներից շատերը, այդ թվում եւ որդին, շուրջ 15 տարի զարդարում են արեւմտյան թատրոնների բեմերը: Ընդ որում՝ «Բարեկամության» պարողներից ոմանք էլ այսօր արտերկրում են: Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, թե իր ցանկությունն է, որ ժամանակին հայրենիքից հեռացած բոլոր արտիստները վերադառնան: Ինչ վերաբերում է Ցյուրիխի, ապա՝ Համբուրգի, հիմա էլ Շվեդիայի թագավորական թատրոնում հանդես եկող որդուն՝ Արսեն Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյանը նախ հիշեցրեց, թե դրսում ստեղծագործող բալետի հայ արտիստները ստեղծելով «Հզոր զգացմունքներ» խումբը, քանիցս հանդես են եկել Հայաստանում, հետո էլ հավաստիացրեց, թե նրանք, այդ թվում եւ իր որդին, կապված են հայրենիքի հետ: «Ի վերջո, նրանք բոլորն էլ մի օր վերադառնալու են: Նշեմ, որ այսօր արեւմտյան բեմերում տղաները իրենց խորեոգրաֆիան հաճախ կառուցում են ազգային եւ հայ հեղինակների երաժշտությամբ, այդպիսով ներկայացնելով նաեւ մեր երաժշտարվեստը»,- փաստեց Ն. Մեհրաբյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ