Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրովաբադի քաղկոմի նախկին քարտուղարը՝ Բաղրամյանի մասին

Դեկտեմբեր 04,2012 13:44

Իվան (Հովհաննես) Քրիստափորի Բաղրամյանի հայրը երկաթուղային էր, ուստիեւ, բնականաբար, նրա ընտանիքը բնակվում էր Գյանջա (Կիրովաբադ) քաղաքի երկաթուղային կայարանի շրջակայքում, իսկ Իվան Բաղրամյանը սովորում էր երկաթուղայինների դպրոցում:

Ես էլ եմ ապրել կայարանի շրջակայքում եւ հաճախել նույն դպրոցը: Տարրական դասարաններում մեզ դասավանդում էր ուսուցչուհի Ելենա Կոնստանտինովնա Իվանովնան, որը Բաղրամյանի առաջին ուսուցչուհին էր: Հայրենական մեծ պատերազմից հետո մարշալը եկավ Կիրովաբադ, այցելեց դպրոց եւ, իհարկե, հանդիպեց իր առաջին ուսուցչուհուն. նա ոգեւորված էր իր նշանավոր աշակերտի հետ հանդիպումով: Այդ ժամանակ էլ առաջին անգամ տեսա Իվան Քրիստափորովիչին:

Հետագայում, որպես Կիրովաբադի քաղկոմի քարտուղար, բախտ ունեցա մոտիկից շփվելու նրա հետ, երբ 1971 թվականին ժամանեց Կիրովաբադ: Բաղրամյանին ուղեկցում էի քաղաքում շրջելիս, ձեռնարկությունների կոլեկտիվների հետ հանդիպելիս եւ զորամասեր այցելելիս:

Առաջին հերթին նա այցելեց հոր շիրմին: Մարշալի հայրը թաղված է հայկական գերեզմանատան ամենապատվավոր տեղում՝ մուտքի մոտ, շիրմաքարը սեւ մարմարից է՝ «Թանկագին հորս՝ ընդմիշտ երախտապարտ որդուց» մակագրությամբ: Ահա այսպիսի մանրամասն:

Ծաղիկներ դնելուց հետո Իվան Քրիստափորովիչը հարցրեց, թե ո՞վ է գերեզմանոցի պահակը, եւ երբ մոտեցավ, նրան մի կողմ տարավ ու գրպանը փող դրեց: Պահակն, իհարկե, անկեղծորեն հրաժարվում էր վերցնել, սակայն Բաղրամյանը պնդեց: Մտածեցի, չնայած արդեն կես դար է, ինչ Կովկասում չի ապրում, սակայն պահպանել է կովկասցու բնավորությունը:

Հացի նոր փռում, հենց թոնրի կողքին Իվան Քրիստափորովիչին հյուրասիրեցին տաք թեյ եւ կովկասյան ավանդական տեխնոլոգիայով թխած հաց: Ապա նրան ցույց տվեցին այդ նույն մատնաքաշ հացի լիովին մեխանիզացված արտադրությունը: Վերջում փռի տնօրենը Բաղրամյանին խնդրեց գրառում թողնել պատվավոր հյուրերի մատյանում: Բաղրամյանը դրան պատրաստված չէր եւ փոքր-ինչ մտածելուց հետո ուղեկցողներին խնդրեց իրեն մենակ թողնել տնօրենի առանձնասենյակում: Իհարկե, Բաղրամյանը ոչ միայն ստորագրեց, այլ մի ամբողջ էջ գրեց:

Ափսոսում եմ, որ չլուսանկարեցի նրա գրածը: Եթե հակիրճ վերարտադրեմ բովանդակությունը, կստացվի մոտավորապես այսպես. «Մեզ՝ կովկասցիներիս համար հացը ոչ միայն արժեքավոր սննդամթերք է, այլեւ բարեկամության խորհրդանիշ: Կովկասում չեն ասում գնանք ճաշելու, այլ ասում են գնանք մի կտոր հաց ուտենք, եւ համատեղ հացի նստելը համարվում է բարեկամությունն ամրապնդելու միջոց»: Մի՞թե կարող եմ ներկայացնել ողջ տեքստն այնպես, ինչպես գրված էր: Կարդալով գրածը՝ համոզվեցի, որ, ի տարբերություն մեզ հայտնի շատ հուշագիրների, Բաղրամյանն ինքն է գրել իր հուշերը՝ առանց որեւէ մեկի օգնության: Քաղկոմի հյուրատանը ճաշի գնացինք միայն երկուսով, մնացած ուղեկցողները մեզ մենակ թողեցին:

Մի՞թե կարող էի երբեւէ մտածել, որ դեմ առ դեմ կհանդիպեմ հայտնի անձնավորությանը, Հայրենական մեծ պատերազմի փառապանծ զորավարին, իմ համերկրացի Իվան Քրիստափորի Բաղրամյանին: Իհարկե, զմայլված էի նրա հետ շփմամբ եւ ակամա հմայվածի պես հետեւում էի նրա յուրաքանչյուր ժեստին, շարժմանը եւ հիանում նրանով:

Իվան Քրիստափորովիչն աչքի անցկացրեց ոչ մեծ գրադարանն ու հարցրեց, թե քաղաքում ի՞նչ փոխհարաբերություններ կան հայերի եւ ադրբեջանցիների միջեւ եւ անկեղծ ուշադրությամբ լսելով իմ պատասխանը, մտահոգություն հայտնեց, որ Կիրովաբադում հայերի թիվը պակասում է: Հաջորդ օրը այցելեց զորամաս: Այստեղ գլխավորապես ուշադրություն դարձրեց անձնակազմի հանգստի համար ստեղծված կենցաղային պայմաններին: Մի խումբ սպաների հետ երկարատեւ զրույցից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ գնաց ճաշարան եւ ճաշեց զինվորների հետ: Զորամասից հետո ուղղվեցինք դեպի լոկոմոտիվային դեպո: Տեղեկանալով, որ մարշալ Բաղրամյանը գալու է դեպո, եկել էր նաեւ տարիքն առած մի նախկին երկաթուղային, որն Իվան Քրիստափորովիչի հետ զրույցի ժամանակ ջերմ արտահայտվեց իր վարպետ Խաչատուրի՝ Իվան Քրիստափորովիչի հոր մասին: Բաղրամյանը շատ շոյված էր հոր մասին ասված խոսքերից: Մեկնելուց առաջ Բաղրամյանը գորգերի գործարանում եղավ: Դրանից հետո քաղկոմի առաջին քարտուղարի առանձնասենյակում քաղաքի ղեկավարությունը մարշալին մի գորգ նվիրեց: Մի փոքր ընդմիջումից հետո Բաղրամյանն ասաց. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար, բայց անկեղծ ասեք՝ այս գորգը արտադրամասի պահեստի՞ց եք բերել: Եթե այո, ապա շատ եմ խնդրում, հետ տարեք: Ես ինձ վատ կզգամ»:

Մենք հազիվ համոզեցինք նրան, որ գորգը իսկապես գնված է խանութից: Իմիջիայլոց, մինչ այդ մենք գորգեր էինք նվիրել պետական գործիչներին, արվեստի եւ գրականության ներկայացուցիչներին, բայց նրանցից ոչ մեկը նման հարց չէր տվել:

Իվան Քրիստափորի Բաղրամյանի բոլոր գործողություններում եւ արտահայտություններում դրսեւորվում էին նրա բարձր բարոյականությունը, ինտելիգենտությունը, կրթվածությունը եւ քաղաքավարությունը: Մեծ հայրենակցիս՝ Իվան Քրիստափորի Բաղրամյանի հետ կարճատեւ, բայց բավականին մտերմիկ շփումն անջնջելի տպավորություն թողեց եւ դարձավ կյանքիս նշանավոր իրադարձությունը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կիրովաբադի քաղկոմի նախկին քարտուղար

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31