Ս/թ ապրիլի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էի տվել այն մասին, որ նույն օրը մարդաշատ կանգառում հայհոյելով եւ իմ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով ինձ ծեծի էին ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սոհեյիլ Քուլաջին կամ ինչպես ինքն էր ներկայանում՝ Սուրենը եւ իր կինը՝ Զ. Ենգոյանը:
Իմ հաղորդման հիման վրա Արաբկիրի ոստիկանության բաժնում նախապատրաստվեցին նյութեր: Վերջերս հետաքննիչից տեղեկացա, որ նախապատրաստվող նյութերը ուղարկվել են քննչական բաժին՝ քննիչ Պ. Բադալյանին:
Ս/թ մայիսի 23-ին ներկայանալով ոստիկանություն՝ վերջինս ինձնից եւ տղայիցս վերցրեց բացատրություն՝պահպանելով հարցաքննելու քրեադատավարական չափանիշները, այսինքն՝ նախ, առանց իմ ներկայության բացատրություն վերցրեց տղայիցս, այնուհետեւ՝ ինձնից:
Երկու օր անց, նախապես ինչպես պայմանավորվել էինք, տղաս գնացել էր նրա մոտ եւ տեսել էր, որ քննիչի աշխատասենյակում Զարուհին տվյալ նախապատրաստվող նյութերի փաթեթից ինչ-որ բան է արտագրում եւ հենց այդ աշխատասենյակում են գտնվում Սոհեյիլը եւ մեկ ուրիշ քննիչ: Այն հարցին, թե որտեղ է քննիչ Բադալյանը, տվյալ քննիչը պատասխանել էր, որ գնացել է դատախազություն:
Այսինքն՝ ինչ է ստացվում. քննիչը լուրջ չի մոտենում իր աշխատանքի բնույթին: Դա են վկայում այն փաստերը, որ քննիչը կոպիտ կերպով խախտում է հարցաքննելու քրեադատավարական կարգը, միջոցներ է ստեղծում, որ հանցանք կատարած անձինք ծանոթանան նախապես՝ իմ եւ տղայիս կողմից գրված բացատրություններին, նրանցից բացատրություն վերցնելիս միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի նրանք չհաղորդակցվեն, անգամ դիմում է ռիսկի՝ նրանց երկուսին թողնելով իր աշխատասենյակում՝ գնում է դատախազություն, այսինքն՝ առանց իր իսկ ներկայությունը ապահովելու՝ քննիչ Բադալյանը հարցաքննություն է վերցնում:
Փաստի առթիվ տղաս նախ իր դժգոհությունն է հայտնել Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետին, այնուհետեւ, սպասելով քննիչ Բադալյանի վերադառնալուն, իրավիճակի շուրջ հայտնել է իր դժգոհությունը: Վերջինս ի պատասխան այդ ամենի՝ շփոթված ասել է, որ նախ՝ մեկը պարսիկ է, իսկ մյուսը՝ պարսիկի կինը, եթե մենակ չթողնի, կգնան կբողոքեն, իսկ ինչ վերաբերում է, որ միասին են բացատրություն տալիս, այդտեղ ոչինչ չկա, իսկ թե ինչու է նրանց մենակ թողել եւ գնացել դատախազություն, նա պատասխանել է, որ նպատակ չունի տղայիս բացատրություններ տալու:
Այդ պահին քննիչ Բադալյանը, մտնելով աշխատասենյակ, կողպել է դուռը եւ երկար ժամանակ անցնելով՝ այդպես էլ նրանցից ոչ մեկին դուրս չի հրավիրել:
29.05.2012թ. դիմում-բողոք էի հասցեագրել ՀՀ ոստիկանապետին՝ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Պարույր Բադալյանի պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ: Ի պատասխան իմ գրության՝ 15.06.
2012թ. ՀՀ ոստիկանության քննչական Գլխավոր վարչության թիվ 7/3151 գրությամբ տեղեկացա, որ քննիչ Պարույր Բադալյանի կողմից կատարված գործողությունների համար նշանակվել է ծառայողական քննություն:
Անցել է շուրջ 8 ամիս, սակայն նրա նկատմամբ մինչ օրս ոչ մի պատասխանատվության միջոցներ չեն ձեռնարկվել:
Բազմիցս հեռախոսազանգերով փորձել եմ ճշտել ծառայողական քննության ընթացքի մասին, սակայն պատասխանել են, որ վերջինիս նկատմամբ առանձին քրեական գործ է հարուցված եւ քննվում է Հատուկ քննչական ծառայությունում եւ ավարտից հետո նոր կորոշվի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:
Լրացուցիչ հայտնում եմ, որ դեռեւս հետաքննության փուլում ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ ձեռնամուխ եղան հովանավորչության՝ քրեական գործի վարույթը տանելով փակուղի, փորձելով կեղծ վկաներ ներգրավելով արդարացման երանգ հաղորդել հանցագործություն կատարած անձանց գործողություններին, որի արդյունքում ստիպված եղա գնալ հաշտության (հարկ եղած դեպքում կներկայացնեմ փաստը հաստատող ապացույցներ):
Այս ամենը համոզմունք է առաջացնում այն հարցի շուրջ, որ Արաբկիրի ոստիկանության քննիչ Պարույր Բադալյանը լուրջ չի մոտենում իր աշխատանքի բնույթին, իր գործելաոճով հակասում է քննչական ողջ ապարատի նորմալ գործունեությանը, եւ չարաշահելով իր լիազորությունները, խախտելով հարցաքննելու քրեադատավարական կարգը՝ գործել է հանցագործություն կատարած անձանց օգտին՝ տրամադրելով ծանոթանալու իմ եւ տղայիս ցուցմունքների շարադրանքին, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով վերջիններիս դուրսգրումներ կատարել եւ նախապատրաստվել իրենց հետագա պաշտպանությանը:
Տեսնելով, որ վերջինս մինչ օրս շարունակում է աշխատել ոստիկանության նույն քննչական բաժնում եւ նրա նկատմամբ ոչ մի պատասխանատվության միջոցներ չեն ձեռնարկվում, 19.11.2012թ. վերջին հույսով եւս մեկ անգամ դիմեցի ոստիկանապետին՝ վերը նշված աղաղակող փաստերին համապատասխան ընթացք տալու համար:
Ի պատասխան իմ դիմումին՝ 27.11.2012թ. հայտնել են. «…Քննիչ Պ. Բադալյանի կողմից թույլ տրված դիմումում նշված խախտումները հիմնավորվել են ծառայողական քննության ընթացքում եւ վերջինիս վարքագիծը քննարկվել է ՔԳՎ օպերատիվ խորհրդակցությունում»:
Նման մոտեցմամբ հասկանալի է դառնում մի իրողություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ նման միջոցով փորձում են հովանավորել իր լիազորությունները չարաշահած քննիչին, թողտվության ձեւով ազդել վերջինիս՝ պատասխանատվության չենթարկելու հարցում:
Համոզված եմ, որ քննիչի կոպիտ օրինախախտմանը ոստիկանության քննչական վարչության կողմից ադեկվատ գնահատական չի տրվել. զբաղվել են աչքակապությամբ՝ ընդամենը բավարարվելով «… մյուս անգամ չանես» բանավոր զգուշացմամբ:
Փաստորեն, ՀՀ նախագահի տեղին եւ սուր քննադատությունն ուղղված քննչական մարմիններին՝ «…անպատժելի ոչ ոք չկա», ամենեւին էլ փույթ չէ նրանց համար: Ի՞նչ է ստացվում, դրանք ընդամենը խոսքե՞ր էին: Ինչի՞, նախագահի ասածը ընդունելի չէ՞:
Խոսքս ուղղում եմ ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչության բոլոր քննիչներին. «…Առաջին անգամ կատարած լիազորությունների չարաշահումը հանցագործություն չի, նույն ոգով շարունակեք մինչեւ վերջ»:
ՆԱԶԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ