Երեկ Հաշմանդամների միջազգային օրվա առիթով հաշմանդամ մարդկանց իրավունքներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բազմաթիվ մտահոգություններ հայտնեցին, թե ինչպես են մեր երկրում ամեն օր, ամեն քայլափոխի ոտնահարվում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները: Այն դեպքում, երբ արդեն երկու տարի է՝ Հայաստանը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորվել է նրանց համար ստեղծել մատչելի միջավայր, հաշմանդամ մարդուն դարձնել հասարակության լիիրավ անդամ, կրթական, առողջապահական եւ սոցիալական այլ ծառայություններն էլ՝ հասանելի:
Ներկայացնենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կատարած հետազոտությունից մի քանի օրինակ, թե ինչպես են մեր երկրում իրականացվում կոնվենցիայի պահանջները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մասով:
Հիմնադրամն ուսումնասիրել է եւ պարզել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները մեր երկրում մինչ օրս մեկուսացված են իրենց ընտանիքներից, ընկերներից եւ համայնքներից եւ բնակվում են մանկատներում եւ գիշերօթիկ դպրոցներում: Հարյուրավոր երեխաներ էլ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան ու դպրոց եւ չեն մասնակցում իրենց համայնքի կյանքին, չեն հաճախում սպորտի, արվեստի, չունեն ընկերներ ու փակված են տանը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 3 երեխայից 1-ն է հաճախել կամ հաճախում մանկապարտեզ: Գյուղական վայրերում այս ցուցանիշը կրկնակի ցածր է: Քաղաքային բնակավայրերում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը չի հաճախում դպրոց, գյուղերում՝ 4-ից մեկը: Դպրոց հիմնականում չեն հաճախում մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ը նաեւ պարզել է, որ հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են հանձնում մանկատուն, քան տղաներին: Ի դեպ, տղաներին ընտանիքի անդամներն ավելի հաճախ են այցելում եւ նրանց տուն են տանում ավելի հաճախ, քան աղջիկ երեխաներին: Մանկատներում բնակվող հաշմանդամ երեխաները դուրս են մնում ընդհանուր հիմնական կրթությունից: Յուրաքանչյուր 20 երեխայից միայն 1-ն է հաճախում հանրակրթական դպրոց:
Մանկատներում խնամվող հաշմանդամ յուրաքանչյուր 4 երեխայից 1-ը մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:
Չնայած նրան, որ այսօր մեր երկրում մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաների հետազոտությունը, բուժումը, դեղորայքն անվճար են, սակայն ընտանիքի խնամքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների մեծ մասը նշել է, որ բժշկական ծառայությունների, դեղորայքի տեխնիկական սարքերի համար վճարել է:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ