Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրությունները՝ ՀԱԿ եւ ՀՀԿ կառույցների պատասխանատուների աչքերով

Դեկտեմբեր 04,2012 13:34

Թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները, որտեղ պատգամավոր դառնալու համար պայքարում էին ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը, նախորդներից տարբերվեցին նրանով, որ ոչ համատարած ընտրակաշառք բաժանվեց, ոչ էլ ընտրողները իրենց կոտորեցին ընտրատեղամաս հասնելու ու իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: Մասնակիցների պասիվությամբ այս ընտրությունները իրոք եզակի էին. փաստենք, որ 55.971 ընտրողներից ընտրության է մասնակցել ընդամենը 17.421-ը: Երեկ «Առավոտ»-ը պարտված թեկնածուին՝ Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանին հարցրեց, թե իր տպավորությամբ՝ ինչպե՞ս անցան ընտրությունները, իրենց շտաբը արձանագրե՞լ է արդյոք ընտրախախտումներ: «Մենք մեր նախընտրական քարոզչության ամբողջ ժամանակահատվածում մեր ժողովրդին ներկայացրել ենք, թե որոնք են պատճառները, որ այս իրավիճակում է հայտնվել մեր երկիրը, ժողովուրդը: Ներկայացրել ենք, թե մեր իշխանություններն ինչպիսին են իրենց որակումներով, իրենց գործողությունների մեջ, իրենց նենգության, ցինիզմի չափով, ինչ սցենարներ են աշխատեցնում, մասնավորապես՝ մեր մարզում, մեր քաղաքում, տվյալ ընտրատարածքում: Ներկայացրել ենք կոնկրետ անուններով՝ եւ սցենարիստներին, եւ սցենարը ապահովող «վինտիլներին»՝ ռուսերեն ասած, պտուտակ, թե օղակ: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մենք մեր դիտարկումների, կանխատեսումների մեջ չենք սխալվել, մեր հիմնական կոչումը եղել եւ մնում է երկիրը ազատել ավազակապետությունից: Համակենտրոնացման ճամբարի վերածելու նրանց մոլուցքը, ծրագիրը պետք է վիժեցնել, ընդդեմ դուրս գալ, անկախ նրանից՝ ինչ տրամաչափի ընտրություն կլինի՝ ՏԻ՞Մ ընտրություն, լրացուցի՞չ ընտրություն, Ազգային ժողովի՞, թե՞ համապետական ընտրություն»,- ասաց ՀԱԿ համակարգողը: Վերջինս դժգոհեց, որ իշխանությունները անընդհատ թանձրացնում են վախի մթնոլորտը, հատկապես Գյումրիում, անընդհատ նոր «դոզա» են ներարկում: «Շանտաժում ու ահաբեկում էին մարդկանց, այս ընտրությունների յուրահատկություններն էին. ընտրատեղամաս էին բերում մարդկանց ահաբեկման, ուլտիմատումի, պարտադրանքի միջոցով. եթե աշխատող ես, աշխատավարձ ստացող ես՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, եթե ազգական ունես ինչ-որ մի հիմնարկությունում, վարչական ստրուկտուրայում աշխատող՝ ահաբեկումն ու շանտաժը կապում էին ազգականի աշխատանքի հետ: Ընտրատեղամասերը բաշխված էին տեղական իշխանիկների, տարածք նայողների, զոն նայողների միջեւ, իսկ իրենք մեր կյանքը այնքան են հարամել, որ մեր երկիրը մեզ համար դարձնում են զոն, գաղութ, ճամբար: Եվ մենք տեսանք, թե զոն նայողները օրվա վերջում, քվեարկության ամփոփումից 3-4 ժամ առաջ, ինչ տագնապով, ինչ տեմպով, ինչ պարտադրանքով սկսեցին տներից զոռով, առանց չափազանցության զոռով ընտրողներին բերել ընտրատեղամաս: Քվեարկության պրոցեսը ցույց տվեց, որ դեռեւս մի ամիս առաջ սկսված ցուցակագրումը, որը, մեր ունեցած տեղեկություններով, մոտ 30 հազարի էր հասնում, այդքան անուն էին ցուցակագրել՝ դպրոցի տնօրեններով, մանկավարժներով, գյուղապետերով, թաղային հեղինակություններով, մարդիկ իրենց կամքով չէին գալիս ընտրության, եւ պատասխանատուները, մեղմ ասած անցան չոր մեթոդի՝ զոռբայությամբ ընտրողին բերել քվեարկության. սա էր բոլորիս աչքի առաջ»,- այսպես բնութագրեց ընտրությունները նախկին թեկնածուն: Ըստ նրա՝ դրսից եկած ջիփավորներն էլ վերակացու էին կարգվել տեղի չինովնիկների գլխին՝ նրանց պատանդի կարգավիճակում պահելով: ՀԱԿ համակարգողը նաեւ տեղեկացրեց, որ ինքը, բնականաբար, չի շնորհավորել իր մրցակից Արման Սահակյանին՝ գտնելով, որ նրա հաղթանակը ոչ թե վաստակած է, այլ զոռբայությամբ տարած:

Իսկ ահա ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր առաջնորդ Սահակ Մինասյանը հպարտանում է, որ քաղաքական նոր մշակույթ է կիրառվել այս ընտրություններում, ՀՀԿ կառույցը աշխատել է ամբողջ աշխատուժով, ընտրակաշառք չի բաժանվել: «ԱԺ լրացուցիչ այս ընտրություններում, քանի որ մեր թեկնածուն առաջադրվել էր կուսակցության կողմից, ցանկացել էինք, եւ կարծում եմ՝ կարողացանք մեզանում շատ չարչրկված, քննարկվող մի խնդիր լուծել՝ եթե ոչ հիմնովին, ապա անել շատ առաջընթաց քայլ: Դուք հավանաբար ականատեսն ենք եղել, որ մեզանում երկար ժամանակ նման թափանցիկ, հրապարակային, առանց խախտումների եւ առանց ստվերային պայքարի, միջամտությունների, իմիջիայլոց ասեմ՝ երկու թեկնածուների կողմից էլ, չենք ունեցել: Եվ, որ ամենակարեւորն է, ընտրությունը ընդհանուր կուսակցական գործունեության մի կարեւոր հատված է, եւ ամբողջ մարզային կուսակցական խումբը՝ անկախ բնակության վայրից՝ Արթիկ, Աշոցք, թե Ամասիա, մասնակից է եղել ամբողջ ընտրական գործընթացին՝ յուրաքանչյուրն իր մասով, օրենսդրությամբ սահմանված կարգի շրջանակներում: Սա նաեւ մեզ համար համախմբման, կուսակցական ընկերոջը սատարելու, կուսակցության արժանապատվությունը բարձրացնելու փորձ էր, որը մենք, կարծում եմ, հաջողությամբ իրականացրեցինք»,- ասաց ՀՀԿ կառույցի պատասխանատուն: Ընտրակաշառք չլինելու փաստը շեշտող Սահակ Մինասյանը ի՞նչ կասի ընտրատեղամասերի հարակից տարածքները հսկողների մասին, ընտրատեղամասերի ներսում ամեն ինչ հանգիստ էր, բայց դրսում կային կուտակումներ՝ մարդիկ էին բերում-տանում, գազելներ էին կանգնում, աղերսում էին, որ ծանոթները գային մասնակցեին ընտրություններին: «Բնական է, աղերսել չէ, բայց հորդորել հնարավոր է, սա նույնպես վերացող խնդիր է, կարեւորը մի առաջընթաց քայլ արել ենք, բայց որ, այդուհանդերձ, ոչ մի խախտում ընտրությունների ընթացքում չի գրանցվել, չեմ ասում՝ աննշան թերացումներ, վրիպումներ, որոնք չեն կարող չլինել 20 հազար մարդու մասնակցությամբ ցանկացած՝ լինի դա քաղաքական, տնետեսական, մշակութային գործառույթ: Իսկ կուտակումները պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ մեզ մոտ ընտրությունները կազմակերպվում են կիրակի օրերին, իսկ կիրակի օրվա առաջին կեսը բոլորը մի քիչ ավելի զբաղված են, տանն են, հանգստանում են, տանեցիներով միասին հազիվ մի անգամ ճաշում են եւ ընտրության են գնում կեսօրից հետո: Բնական է, որ պետք է լինեն կուտակումներ: Եվ հետո՝ Գյումրին Երեւանը չէ, որ գրանցումները ճիշտ համապատասխանեն տվյալ ընտրատարածքում. մարդը ապրում է Անտառավանում, գրանցված է Մուսայելյան փողոցում: Էդ մարդուն հարկ չէ՞, մանավանդ, եթե տարեց է, հարեւանը, բարեկամը մեքենայով բերի տեղամաս: Հատկապես, որ ձմռան երկրորդ օրն է»,- ասաց ՀՀԿ առաջնորդը՝ բացառելով վարչական լծակների կիրառումը, քանի որ, ըստ նրա, դա չաշխատող մեխանիզմ է. ի վերջո՝ մարդը միայնակ է քվեախցիկում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31