Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ը կարող է երբեք չբացահայտվե՞լ

Դեկտեմբեր 04,2012 13:29

Դավիթ Հարությունյանը՝ նոր խորհրդարանական հանձնաժողովի, նախագահի հանձնարարականների եւ ՀԱԿ-ի հետ համաձայնության մասին:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ համաձայնություն է ձեռք բերվել «Մարտի 1-ի» նոր հանձնաժողով ստեղծելու հարցը մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին: Հիշեցնենք, որ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ՀԱԿ խորհրդարանական խմբակցությանն է, հեղինակը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է: Նոյեմբերի 28-ին կայացած հարցի քննարկման ժամանակ իշխանական թեւը ներկայացնող պատգամավորները այս նախաձեռնության մեջ «քաղաքական ենթատեքստ» տեսան, մինչդեռ ընդդիմադիրները՝ հեղինակի գլխավորությամբ, պնդում էին, որ դա զուտ իրավական է: Ինչեւէ, հարցի քվեարկությունը հետաձգվեց: Երեկ կայացած հանձնաժողովի նիստում Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց նիստը վարող ՀՀԿ ներկայացուցիչ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջարկին՝ քաղաքական ենթատեքստերից հարցը զերծ պահել, այն հետաձգել մինչեւ մեկ տարով: Ի դեպ, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պարտավորվեցին, որ «կողմ» են քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը:

Այս առիթով «Առավոտը» որոշ հարցեր ուղղեց Դավիթ Հարությունյանին:

– Եթե նոր հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակ է հետապնդում, ի՞նչ տարբերություն՝ այն նախագահական ընտրություններից առա՞ջ կստեղծվի, թե՞ հետո. քաղաքական ենթատեքստը եւ աստառը, միեւնույն է, մնալու են:

– Յուրաքանչյուր ընտրական շրջան բնորոշվում է քաղաքական պայքարի շատ ավելի սրմամբ, ինչը բնական է: Եվ հանձնաժողով, որի նպատակը բացարձակ այլ է՝ փորձել ձեւավորել, գոնե ԱԺ մակարդակով գնահատական տալ որոշակի իրավական գործընթացներին… եթե բուն նպատակը դա է, ապա քաղաքական պայքարի թեժացումը դրական ազդեցություն չի կարող ունենալ դրա վրա: Դրանով պայմանավորված՝ մենք առաջարկեցինք անել առավելագույն քայլերը, որպեսզի զերծ մնանք քաղաքական գործընթացների ազդեցությունից՝ այս հանձնաժողովի աշխատանքների վրա: Կհաջողվի, թե ոչ իսկապես զերծ մնալ՝ դժվարանում եմ ասել: Չեմ կարող երաշխավորել, որ մենք հարյուր տոկոսով կկարողանանք, բայց քայլեր այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ձեռնարկենք, եւ մեր առաջարկության հիմնական մասը պայմանավորված էր հենց դրանով:

– «Մարտի 1-ի» գործով մեկ խորհրդարանական հանձնաժողով արդեն եղել է, որի արդյունքները հայտնի են: Ի՞նչ է տալու նոր հանձնաժողովը՝ թեկուզ փոքր-ինչ այլ գործառույթներ իր առաջ դնելով: Հնարավոր լինելո՞ւ է դրական արդյունք արձանագրել:

– Նայած թե ինչ ենք հասկանում դրական արդյունք ասելով: Որոշակի թերահավատություն կարող է լինել, թե, արդյոք, հանձնաժողովն ի՞նչ կարող է անել: Բայց հեղինակը ինքը հանձնաժողովի նիստում շատ ճիշտ ասաց, որ մեզ մոտ պետք է ձեւավորվի գնահատական այն քայլերի, որոնք կատարվում են. արդյոք կատարվե՞լ են բոլոր անհրաժեշտ քայլերը, չկա՞ այնպիսի քայլ, որը դեռեւս պետք է կատարվի եւ այլն: Այդ տեսանկյունից, կարծում եմ, հանձնաժողովը միգուցե կարողանա նաեւ որոշակի օգտակար գործ կատարել:

– Մի քանի ամիս առաջ նախագահ Սարգսյանը խիստ գնահատականներ տվեց եւ իրավապահ մարմիններին հանձնարարականներ իջեցրեց՝ «Մարտի 1»-ի գործով իրականությունը բացահայտելու, մեղավորներին պատժելու վերաբերյալ: Այդ հանձնարարականից հետո հետեւե՞լ եք եղած քայլերին, դրանք բավարա՞ր են, այսօր կարելի՞ է արձանագրել, որ նախագահի հանձնարարականը, ասենք, 50 տոկոսով կատարված է:

– Եթե մենք դատենք ըստ արդյունքի, ցավոք, պետք է արձանագրենք, որ բացահայտումներ, այնուամենայնիվ, չկան: Պետաիրավական հարցերի հանձնաժողովը կատարում էր որոշակի աշխատանք այդ ուղղությամբ, մենք ուսումնասիրություն էինք անցկացնում եւ ՀՔԾ-ից ստացել ենք հավաստիացումներ, որ կատարվել են բազմաթիվ նոր հարցաքննություններ, նոր վկաներ են ներգրավվել եւ այլն: Ցավոք, չնայած ձեռնարկված բավականին լուրջ քայլերին, փոփոխություն՝ բացահայտման առումով, դեռեւս չկա:

– Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ նախագահը հետեւողականորեն պահանջի իր հանձնարարականների արդյունքները:

– Նախագահի հանձնարարականը բացահայտմանն ուղղված քայլեր կատարելն է, եւ քայլերը կատարվել են: Խնդիրը հետեւյալն է՝ իհարկե, կարող են լինել հանցագործություններ, որոնք այդպես էլ չեն բացահայտվում: Ցավալի է, բայց փաստ է՝ յուրաքանչյուր երկրում էլ դուք կգտնեք հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում: Հիմա խնդիրն այն է, թե արդյոք կատարվե՞լ են բոլոր անհրաժեշտ քայլերն այդ ուղղությամբ: Նախագահի հանձնարարականին ուղղված քայլեր ՀՔԾ-ն իսկապես կատարել է: Առնվազն մեզ հայտնել է այդ մասին, եւ խոսքը չի վերաբերում մի քանի տասնյակ մարդկանց հարցաքննությանը, այլ հարյուրավոր, այդ թվում նոր անձանց հարցաքննությանը: Եթե չեմ սխալվում, նաեւ նոր փորձաքննություններ են իրականացվել: ՀՀ նախագահի հանձնարարականն իր ազդեցությունը թողել է հենց այդ առումով: Այո, բացահայտում դեռ այս պահին, ցավոք, չկա:

– «Մարտի 1»-ի բացահայտման մասով շատ են հնչել գնահատականներ, որ մինչեւ Հայաստանում իշխանությունը չփոխվի, մեր երկիրը չդառնա իրավական, ոչ «Մարտի 1»-ը, ոչ «Հոկտեմբերի 27»-ն այդպես էլ չեն բացահայտվի: Կիսո՞ւմ եք այդ գնահատականները:

– Չեմ կիսում: Դա ավելի շատ քաղաքական գնահատական է, որն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի տարր:

– Այնուհանդերձ՝ ինչո՞ւ իրավապահները հարցաքննության չեն հրավիրում երեք նախագահներին: Ակնհայտ է, որ նրանց հետ զրույցներից հետո շատ ավելի լույս կսփռվի այդ իրադարձությունների վրա:

– Գիտեք, ինձ դժվար է պատասխանել մի հարցի, որի հետ ես սահմանափակ առնչություն ունեմ: Եթե նկատի ունեք՝ կա՞ն հանգամանքներ, որոնք պետք է բացահայտվեն, եւ որոնց վերաբերյալ իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն նախկին եւ ներկա նախագահները, ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել հենց այն մարմիններին, որոնք զբաղվում են նախաքննությամբ: Նախաքննության նյութերին մենք չենք ծանոթանում: Մեր հարցը եղել է բավականին սահմանափակ՝ ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվել նախագահի հանձնարարականից հետո:

– ՀՔԾ-ից ստացած արձագանքը Ձեզ բավարարո՞ւմ է:

– Ընդհանրապես, ինձ չի բավարարում այն, որ այդ հանցագործությունը բացահայտված չէ: Բայց եթե բացահայտման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկվել են, ապա ողջունելի է: Խնդիրն այն է՝ կան քայլեր, որոնք դեռ պետք է ձեռնարկվեն կամ պետք է ձեռնարկվեին, բայց ձեռնարկված չեն եղել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31