«Ջրի բերած՝ ջրի տարած». այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Առավոտի» այն դիտարկմանը, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ մոտ ժամանակներս հարկային մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվելու ԲՀԿ-ական գործարարները: Մասնավորաբար, խոսվում է այն մասին, որ որոշ գործարարների բիզնեսները գրանցված չեն, նրանք աշխատում են, այսպես ասած, «լեւի» տարբերակով: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բրյուսելյան հանդիպումներից վերադառնալով՝ հայտարարելու է 2013 թվականի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին: ԲՀԿ առաջնորդի նման որոշումը «ջրի երես» դուրս կբերի իր ենթակաների անօրինական գործունեությունը: Լյովա Խաչատրյանը գտնում է, որ «մարդ իր նամուսը չպիտի ծախի, մնացած ամեն ինչից կարելի է հրաժարվել»: Իսկ թե ի՞նչ նկատի ունի «ջրի բերած, ջրի տարած» ասելով՝ մեր հարցին այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման բան լինի, եւ դա ճանապարհ չի՝ մարդկանց իրենց համոզմունքներից ետ կանչելու համար: Կարծում եմ՝ այսօրվա իշխանություններն իրենց նման բան թույլ չեն տա, եթե, իհարկե, ինչ-որ գործընթացներ սկսեն: Առայժմ որեւէ կոնկրետ բան չկա, ես չեմ կարող ասել»: Նկատեցինք, որ մեր իրականության մեջ շատ են եղել դեպքեր, երբ պատգամավորներն ու պաշտոնյաները ետ են կանգնել իրենց համոզմունքներից, փոխել են սկզբունքները՝ հանուն շահի: Լ. Խաչատրյանը հակադարձեց մեկ այլ ասացվածքով. «Գյուղ կա՞, որ շուն չլինի: Դա էլ է հնարավոր: Ամեն ինչի էլ ականատես կարող ենք լինել, բայց կարծում եմ, որ այսօր ժամանակներն էլ այն չեն, իշխանություններն էլ նման ձեւով չեն մտածում: Բայց առայժմ դեռ ոչինչ պարզ չէ, դեռ կուսակցական աշխատանքներ են գնում՝ պարզ չէ: Կուսակցության սկզբնական բջիջների եզրակացությունը միանշանակ է. ի՞նչ եզրակացության կհանդիպեն քաղխորհուրդը եւ նրա ղեկավարը՝ կերեւա»:
Հետաքրքրվեցինք՝ նման զարգացումների դեպքում իր կուսակիցներից ովքե՞ր հնարավոր է, որ խնդիրներ ունենան, ո՞վ մտավախությունների տեղիք ունի, Լյովա Խաչատրյանն ասաց. «Ես նման բան չգիտեմ, դա իրավապահների գործն է: Ամեն մեկն իր գործից թող տեղյակ լինի: Եվ դա վատ է, եթե նման բան կա, գիտեն եւ ներում են աjն ժամանակ, երբ ընդհանուր նախրի հետ ես գնում, հիշում են այն ժամանակ, երբ նախրից առաջ ես ընկնում: Դա շատ վատ բան է: Իրավական պետության մեջ նման բան հնարավոր չէ: Եթե մեզ մոտ նման բան հնարավոր է, նշանակում է՝ մենք իրավական պետություն չենք, գողականով եւ ճշտով ենք առաջնորդվում»: Պարոն Խաչատրյանին հարցրինք նաեւ՝ ինքը ցանկանո՞ւմ է, որպեսզի Գագիկ Ծառուկյանն առաջադրվի նախագահական ընտրություններում, քանի որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանին էլ է լավ վերաբերվում: «Իմ ցանկությունն այն է, որպեսզի պետությունն իր հնարավորություններն օգտագործի երկրի բարգավաճման համար»: Թե ո՞ր նախագահն ու կառավարությունը կարող են դա անել՝ մեր զրուցակիցն ասաց. «Այն կառավարությունը, որը իր ծրագրի հիմքում կդնի դա ու կիրագործի՝ հրաժարվելով առաջին հերթին կոռուպցիայում եղած իր փայից՝ որպես օրինակ մյուսներին»: ՀՀԿ-ական կառավարությունը չի՞ կարողանում դա անել՝ մեր հարցին էլ պարոն Խաչատրյանն արձագանքեց. «Բացարձակ նշանակություն չունի, թե որ կառավարությունը դա կանի: Անհրաժեշտ է ցանկություն: Այսօր ես այդ ցանկությունը չեմ տեսնում»:
«Առավոտ» օրաթերթ