«Առավոտ»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
– Երեւանում անցյալ շաբաթվա վերջին տեղի ունեցավ ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Բարոզուն նշեց, որ Համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը Հայաստանը կտանի դեպի եվրոպական միասնական շուկա, որն այժմ աշխարհի ամենամեծ շուկան է։ Հայաստանի տնտեսությունը բավարարում է համապարփակ ազատ առեւտրի գոտու չափանիշներին, նաեւ հավելեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվել, եւ Հայաստանը հաջողությամբ շարունակում է իրականացնել բարեփոխումները տարբեր ոլորտներում: Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում նախ միջոցառմանը Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությունը, ինչպես նաեւ նրա մի շարք դրական գնահատականները Հայաստանի վերաբերյալ։
– Բարոզուի մասնակցությունն այդ միջոցառմանը չափազանց կարեւորում եմ, որովհետեւ այն բավական անսպասելի էր, քանի որ դա ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովն էր: Սա բավական դրական փաստ է, եւ ես կարծում եմ, որ ներքաղաքական նշանակություն ունի այն առումով, որ Եվրոպայի համար Հարավային Կովկասը ավելի կարեւոր նշանակություն է ստանում որպես խաղաղության հաստատման, տնտեսական, ինչպես նաեւ ռազմաքաղաքական առումով, նշանակում է՝ Հարավային Կովկասը, Ուկրաինան եւ Մոլդովան եվրոպական դիվանագիտության մակարդակի վրա են դիտարկվում, եւ Եվրոպան է, որ ղեկավարում է այդ դիվանագիտությունը։ Հաջորդը քաղաքական գործոնն է։ Հայտնի է, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները ընտրապայքարի մեջ են մտնելու առաջիկայում, եւ անուղղակի ձեւով Բարոզուն ցույց տվեց, որ Եվրոպայի թեկնածուն կարող է լինել Սերժ Սարգսյանը։ Իր հերթին Սերժ Սարգսյանը բավական խելացի ձեւով կազմակերպեց հանդիպումներ Ֆրանսիայում՝ նոյեմբերին, ապա Բարոզուի այցը տեղի ունեցավ, այսինքն՝ Ս. Սարգսյանը նպատակ ունի ցույց տալ, որ իր հեղինակությունը մեծ է, ահա՝ Հայաստանում նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ ընդունում է Եվրահանձնաժողովի նախագահին։ Չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանում անհայտ է, թե ինչ գործընթացներ կծավալվեն վերջին ընտրությունների արդյունքում, եւ այս ֆոնին Հայաստանը փաստորեն իր խաղն է սկսում՝ բավական խելոք հաշվարկով, որպեսզի ցույց տա, որ միայն Վրաստանը չէ, որ Եվրոպայի համար կարեւոր նշանակություն ունի:
Կարդացեք նաև
– Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշեց. «Ես հավաստիացրի պարոն Բարոզուին, որ մենք հանձնառու ենք 2013թ. փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ»: Սա բավական պատասխանատու հայտարարություն է, եթե հաշվի առնենք այն, թե ինչպես են մեր իրականությունում անցկացվում ընտրությունները։ Այսպիսի հայտարարությունները կանխատեսելի չե՞ն դարձնում Արեւմուտքի արձագանքը նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ դարձյալ կհայտարարվի, որ դրանք համապատասխանել են միջազգային չափանիշներին:
– Ս. Սարգսյանը 2008թ. ընտրություններում հարթ ձեւով նախագահ չդարձավ, ուստի հիմա այս անգամ նա ձգտում է սրբագրել այդ փաստը, նա ձգտում է ավելի հաջող ընտրությունների արդյունքում ընտրվել նախագահ, ավելի վստահելի պայմաններում։ Ս. Սարգսյանը անկեղծորեն ձգտում է չկրկնել անհաջող ընտրությունների ընթացքը, որը տեղի ունեցավ 2008թ. նախագահական ընտրություններում: Հաջորդը՝ ըստ իս, ոչ միայն Ս. Սարգսյանը, այլեւ բոլորի մոտ կա նման մտադրություն՝ Եվրոպայի առջեւ ավելի կարեւոր դերակատար երեւալ, լուրջ ընկալվել, ուստի պետք է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնել՝ բացառելով ընտրախախտումները։
Հայաստանում գիտակցեցին, որ եթե Հայաստանը ձգտի մաքսիմալ ժողովրդավարության, ապա Արեւմուտքը Ադրբեջանի հետ չի համեմատի Հայաստանը, ուստի ձգտում են ցույց տալ, որ ինչ-որ առումով երբ միջազգային հանրությունը Ադրբեջանն ու Հայաստանը դիտարկում է միասին, դա ճիշտ չէ, հետեւաբար ցանկանում են «լավ աշակերտ» լինել, որպեսզի ցույց տան Արեւմուտքին, որ եվրոպական ընտանիքի մաս են: Ի վերջո՝ եթե գազ, նավթ չունես, ի՞նչ պետք է ունենաս՝ ժողովրդավարություն, իսկ եթե ժողովրդավարություն լինի՝ Արեւմուտքի մոտեցումը Հայաստանի նկատմամբ դրականորեն կփոխվի։ Կարծում եմ՝ Հայաստանի թե իշխանությունները, թե ընդդիմությունը գիտակցում են, որ այլեւս չի կարող շարունակվել այնպես, ինչպես մինչեւ այժմ է եղել ընտրություններում։
– Ձեր նշած՝ իշխանությունների ձգտումները, Ս. Սարգսյանի հայացքը դեպի Արեւմուտք, Ձեր կարծիքով, չի՞ կարող բացասաբար ընկալվել Ռուսաստանի կողմից: Եվրասիական միության հարցը, օրինակ, չի՞ վկայում այն մասին, որ նախագահական ընտրություններից առաջ կարող է այս հարցը շատ սուր դրվել Մոսկվայի կողմից ՀՀ իշխանությունների առջեւ, եւ իշխանությունները ստիպված լինեն գնալ զիջումների Եվրասիական միության, Մաքսային միության հարցում։
– Չեմ կարծում: Այսօր մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում, որտեղ այլեւս զուտ անկախություն չկա, նույնիսկ Միացյալ Նահանգները այդպիսին չէ, ստիպված է հաշվի նստել բոլոր պետությունների շահերի հետ: Հայաստանը երկու-երեք խաղ էր խաղում մինչեւ այժմ՝ դեպի Ռուսաստան, դեպի Եվրոպա, դեպի ԱՄՆ: Ըստ իս՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք հարցադրումը, պայքարը այդ աստիճան չպետք է ազդեցիկ լինի, որովհետեւ նույնիսկ ռուսներն են գիտակցում, որ արդեն ավելի պետք է կարեւորեն Հայաստանը, որ Հայաստանին պետք է վերաբերվել ոչ թե որպես վասալի, այլեւ որպես ինքնիշխան պետության, որպես հավասար գործընկերոջ: Ռուսաստանը պետք է այս տեսանկյունից դիտարկի Հայաստանը, եւ Մոսկվայի համար մեկ խնդիր կա այսօր. ՌԴ-ն պետք է որոշի՝ արդյոք Սերժ Սարգսյանը եւ նրա իշխանությունը կարո՞ղ է իր վրա վերցնել նոր պատասխանատվություններ, այլ ոչ թե՝ Արեւմուտք-Ռուսաստան ընտրության հարցը:
Երկրորդ՝ գալիք նախագահական ընտրությունները անշուշտ թեստ, մարտահրավեր են լինելու Հայաստանի համար, եւ եթե ընտրությունները հաջող անցնեն, Արեւմուտքը կմեծացնի իր աջակցությունը Հայաստանի նկատմամբ, եթե ոչ՝ կնշանակի, որ Հայաստանը մնում է հետխորհրդային մտածելակերպի մեջ, եւ Արեւմուտքը կշարունակի Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկել մեկ հարթության վրա: Այս ընտրությունը պետք է կատարի Հայաստանը, իր ճանապարհը ինքը պետք է որոշի. սա է այսօրվա մարտահրավերը: Բայց, դժբախտաբար, այդ ընտրությունը՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք, կապվում է անձերի հետ, սա պրոռուսակա՞ն ուժ է, թե՞ արեւմտյան, թե՞ պրոամերիկյան… Սա սխալ մոտեցում է, որովհետեւ շեշտը պետք է դնել ոչ թե անձերի վրա, այլ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որպեսզի իշխանությունը չկենտրոնանա մեկ անձի ձեռքում։ Հայաստանի քաղաքական կարգավիճակը պետք է զարգացում ապրի, որովհետեւ քայլ առ քայլ պետք է դուրս գալ հետխորհրդային քսանամյա շրջանից եւ պետք է մտնել եվրոպական զարգացման փուլ։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ