Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ պոլի փետ

Դեկտեմբեր 04,2012 13:06

Հայաստանում չեն գործում ընտրական մեխանիզմները՝ դրանք հետեւողականորեն քանդվել-ոչնչացվել են 1995 թվականից: Ոչ մի մտքի տիտան, ոչ մի նախագահ, ոչ մի պատգամավոր, ոչ մի ընդդիմադիր, եթե նույնիսկ նրանք բոլորը ոտքից գլուխ բաղկացած լինեն բարի կամքից, չեն կարողանա մեկ-երկու ընտրությունների ընթացքում դրանք վերականգնել: Գուցե զուգահեռս շատ հեռու է տանում, բայց հիշեցի մի պատմություն. մանկատան երեխային բերում են ընտանիք, նա սկզբում զարմանում է, որ իրեն չեն ծեծում, իսկ հետո սկսում է իրեն այնքան վատ պահել, որ ընտանիքը երազում է, թե երբ է նա վերադառնալու մանկատուն: Որքան համբերություն, որքան նրբանկատություն, որքան, ի վերջո, սեր է պետք, որպեսզի այդ երեխան ինտեգրվի այդ ընտանիքի եւ, ի վերջո, հասարակության մեջ: Մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն այդ համբերությունն ու նրբանկատությունը չունեն՝ նրանք կողմնակից են հեշտ լուծումների: 17 տարի քաղաքացիներին այլասերած իշխանությունը շարունակում է դա անել առավել մասշտաբային եղանակով: 90-ականներին այդ այլասերմանը գործուն մասնակցություն ունեցած ներկայիս ընդդիմությունը ձեւ է անում, թե «ռեժիմի անհապաղ փոփոխությունը» կարող է լուծել բոլոր խնդիրները, այլ թվում՝ լեգիտիմության:

Այդքանով հանդերձ՝ թեեւ արդար ընտրություններ Հայաստանում մոտ ապագայում հնարավոր չեն, որոշ դեպքերում իշխանությունն իրեն պահում է ավելի լկտի, իսկ երբեմն՝ ավելի զուսպ: Երկրորդ տիպի վարքագծի դրսեւորում էր Գյումրիում Արման Սահակյանին առաջ քաշելը: Նախ՝ նա ծանոթ է գյումրեցիներին որպես ֆուտբոլային ակումբի սեփականատեր, երկրորդ՝ նախընտրական արշավի ժամանակ տվել է բազմաթիվ հարցազրույցներ, ունեցել է բազմաթիվ հանդիպումներ ընտրողների հետ, որոնց ներկա են եղել լրատվամիջոցները: Եթե ներկա էլ չլինեին, այդ հանդիպումները դրվել են թեկնածուի ֆեյսբուքի էջում: Մի խոսքով՝ նա ձգտել է համոզել ընտրողներին, որ կարող է աշխատել խորհրդարանում:

Ավանում իշխանությունը որոշել է «չորով» անցկացնել անհայտ մի մարդու՝ շատ լավ իմանալով, որ անհայտ «Աներձագը» որեւէ չափանիշով չի կարող մրցել Ստեփան Սաֆարյանի հետ, եւ վերջինիս ներկայությունը խորհրդարանում չափազանց օգտակար կլինի մեր պետության համար: «Աներձագին» ընտրարշավի ժամանակ ոչ ոք ոչ մի տեղ չի տեսել, չկա որեւէ շարքային ընտրող, որի հետ նա շփման մեջ մտած լիներ: Էլ լրագրողների մասին չեմ խոսում: Հանրապետական կուսակցությունն այստեղ, հավանաբար, սպորտային հետաքրքրություն էր հետապնդում՝ զուտ վարչական լծակների, ընտրացուցակների եւ փողի միջոցով պատգամավոր դարձնել վիրտուալ մի կերպարի: Կոնկրետ այդ մարդու դեմ ես, բնականաբար, ոչինչ չունեմ, եւ գուցե նա, իսկապես, ինչպես պնդում են նրա կուսակիցները՝ համեստագույն եւ պարկեշտ անձնավորություն է, սակայն նրա մասին այլ բան, քան «Աներձագ» լինելը, մեր համաքաղաքացիները չգիտեն:

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ավանում ի պատիվ «Աներձագի» հրավառության համազարկեր են են հնչել՝ այդ թվում 23.30-ին, երբ հրավառությունն արգելված է: Ո՞ւր է նայում քաղաքապետարանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31