Լրահոս
Օրվա լրահոսը

Միջավայրը բարելավվում է, ներդրումները՝ կրճատվում

Դեկտեմբեր 04,2012 12:23

  Մինչ միջազգային կազմակերպությունները Հայաստանում ներդրումային դաշտի բարելավում են արձանագրում, ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլեւ արագորեն նվազում են։ Թեեւ տրամաբանությունը հուշում է, որ ներդրումային միջավայրի բարելավումը պետք է հանգեցներ ֆինանսական հոսքերի ավելացման։
Ներդրումները սովորաբար հոսում են այնտեղ, որտեղ պայմանները բարենպաստ են։ Եթե վստահենք միջազգային կազմակերպությունների գնահատականներին, ապա այդ առումով Հայաստանում առաջընթաց կա։ Չնայած դրան, ներդրումները նվազում են։
Սա հիմք է տալիս ասելու, որ խնդիրը այնքան էլ ներդրումային միջավայրի վատ կամ լավ լինելը չէ։ Դա է վկայում նաեւ, որ նախկինում ֆինանսական հոսքերը ներքին տնտեսության մեջ շատ ավելի ակտիվ էին, թեեւ ներդրումային միջավայրն այնքան էլ չէր փայլում իր արդյունավետությամբ։
Օտարերկրյա ներդրումների կրճատման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի տնտեսությունը ներդրումային ցածր պոտենցիալ է պարունակում։ Այլ կերպ ասած, չկան կամ խիստ սահմանափակ են ներդրողներին հետաքրքրող այն ոլորտները, որտեղ կարող են գալ ֆինանսական հոսքերը։ Կառավարությունը գրեթե նոր պրոյեկտներ չի առաջարկում, իսկ նախկինները հիմնականում ավարտվել են։
Այս վիճակում ներդրողներին Հայաստանում շատ քիչ ոլորտներ են հետաքրքրում։ Նման պայմաններում դժվար է լուրջ ֆինանսական ներարկումներ ակնկալել։
Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի ինը ամիսներին Հայաստան է մտել ընդամենը 391 մլն դոլարի օտարերկրյա կապիտալ. անցած տարվա համեմատ կրճատվել են ավելի քան 35 տոկոսով։ 2011թ. նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի վատ էր, օտարերկրյա ներդրումները գերազանցել էին 603 մլն դոլարը։
Անկումը կտրուկ է եղել ուղղակի ներդրումների դեպքում։ Անցած տարվա 479 միլիոնի դիմաց, այս տարի եղել է ընդամենը 221 միլիոն։ Այլ կերպ, ավելի քան կրկնակի պակասել են։
Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին ներդրողների հետաքրքրությունները Հայաստանում պակասել են։ Պատահական չէ, որ դրսից ստացվող հոսքերը գնալով նվազում են։ 2012-ին դրանք ավելի քիչ են եղել, քան ճգնաժամային առաջին տարվա ընթացքում։ Ասենք, որ 2009թ. առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները գերազանցեցին 520 մլն դոլարը։
Օտարերկրյա ներդրումային հոսքերը դեպի Հայաստան շատ ավելի ակտիվ էին մինչեւ ճգնաժամը։ Դրան նախորդող տարվա ընթացքում տնտեսության մեջ իրականացված արտաքին ֆինանսական հոսքերը ինը ամսվա ընթացքում գերազանցեցին 800 մլն դոլարը։ Այլ կերպ ասած, դրանք կրկնակի շատ էին, քան այս տարի։ Հատկանշական է, որ ներդրումների կրճատումն ուղեկցվել է տնտեսության տարբեր ոլորտներում կառավարության ձեռնարկած բարեփոխումների պայմաններում։
Հայտնի է, որ ներքին տնտեսությունը շատ դեպքերում տուժում է էժան փողերի բացակայությունից։ Այս առումով ուղղակի ներդրումները անփոխարինելի ֆինանսական ռեսուրս են։ Սակայն Հայաստանն աստիճանաբար այն կորցնում է՝ մնալով բանկային թանկ կապիտալի հույսին, ինչի տնտեսական արդյունքը չնչին է։ Դրանից տուժում է ներքին տնտեսության մրցունակությունը։ Ընդ որում, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։
Ներդրումային հոսքերը դեպի Հայաստան կրճատվել են հիմնական գործընկեր գրեթե բոլոր երկրներից։
Ռուսական կապիտալի ծավալն այս տարվա ընթացքում պակասել է 3,5 անգամ։ Մինչդեռ վերջինս տարիներ շարունակ Հայաստանի ամենախոշոր ներդրումային գործընկերն է։ Ռուսական ներդրումները եղել են ընդամենը 82 մլն դոլար, անցած տարվա 283 միլիոնի դիմաց։ Հետաքրքրության նման պակասը պայմանավորված է էներգետիկայում եւ հեռահաղորդակցության ոլորտներում գոյություն ունեցող ծրագրերի ավարտով եւ նորերի բացակայությամբ։
Միացյալ Նահանգներից ներդրումային հոսքերը նվազել են շուրջ 4 անգամ, ֆրանսիական ներդրումները՝ կրկնակի։
Հայաստանի ներդրումային ամենախոշոր գործընկերը դարձել է Կանադան, որի բաժինը տնտեսության մեջ ներարկված օտարերկրյա կապիտալում գերազանցել է 102 մլն դոլարը։ Այսինքն՝ ներդրումների մեկ քառորդը ստացվել է այս երկրից։ Կանադական կապիտալը հետաքրքրված է եղել մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտով։ Պատահական չէ, որ գումարն ամբողջությամբ գնացել է տնտեսության այս հատված։
Հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործմանն է ուղղվել եւս 76 մլն դոլար՝ հիմնականում Գերմանիայից եւ Շվեյցարիայից։
Թեեւ հանքարդյունաբերությունից դուրս Հայաստանի ներդրումային երկրորդ խոշոր պոտենցիալը պարունակել է հեռահաղորդակցությունը, այնուհանդերձ այստեղ ներգրավված ֆինանսական հոսքերի ծավալն անհամեմատ քիչ է եղել՝ ընդամենը 49 մլն դոլարը, որն էլ իրականացրել են գերազանցապես արդեն գործող ընկերությունները։

 

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31