Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խոսնակ. «Հայաստանը երկբևեռ քաղաքական համակարգի մոդելին է մոտենում, ինչպես ԱՄՆ-ում է»

Դեկտեմբեր 04,2012 12:19

Հատվածներ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:

 

– Անորոշությունը, քննարկումների իբր քաղաքական, իրականում կոնյունկտուրային բովանդակությունը չի՞ հանգեցնի ընտրողի կորստի։ Ո՞րն է քաղաքական ուժերի նպատակը՝ պահել իմիջը, կորցնել ընտրողի՞ն։

– Կարծում եմ՝ մտածում են, որ, միևնույն է, բնակչության մի ստվար զանգված ապրում է վատ պայմաններում, օբյեկտիվորեն դժգոհ է և, ուրեմն, իրենց ընտրազանգվածն է։ Չեն գիտակցում, որ մարդը կարող է վատ ապրել, սոցիալական խնդիրներ ունենալ, բայց հույսը կապել ոչ թե ընդդիմության, այլ իշխանության հետ։ Այնպես չէ, որ նրանք, ովքեր գոհ են, բոլորը պիտի ձայն տան իշխանությանը, նրանք, ովքեր դժգոհ են, բոլորը պիտի ձայն տան ընդդիմությանը։ Ես էլ ապրում եմ սովորական բնակարանում, Նորքի հինգերորդ զանգվածում, հինգերորդ հարկում, ամեն օր շփվում եմ մարդկանց հետ, գիտեմ նրանց պրոբլեմներն ու տրամադրությունները։ Այնպես չէ, որ վատ կենսապայմաններ ունեցող ընտրողներն իրենց հույսը կապում են ընդդիմության հետ. երբ մարդը մեկ անգամ խաբվում է, հիսաթափվում է, հետո դժվար է հավատը վերականգնել, փորձը խանգարում է։

– Գուցե ընդդիմությունը կարծում է, որ հնարավո՞ր է հավատը վերականգնել։

– Գուցե, Լևոն Զուրաբյանն ասում է, որ պաուզաները շատ կարևոր են, որովհետև ժողովրդին համախմբելու այնպիսի կարողություն, ինչպիսին ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, որևէ մեկը չունի։ Ես չեմ վիճում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրոք խարիզմատիկ առաջնորդ է, ունի ժողովրդին համախմբելու կարողություն, բայց կա՞ Հայաստանի անկախության ընթացքում մեկ ուրիշ գործիչ, որ ավելի մեծ հիասթափության է հասցրել ժողովրդին իր մեծ համախմբումներից հետո։ Հիշեք 1991-ի ընտրություններից հետո 1996-ի իրավիճակը, հիշեք 2008-ից հետո այսօրվա իրավիճակը։ Համեմատեք՝ ովքեր էին նրա կողքին և ովքեր են մնացել՝ սկսած Ալիկ Արզումանյանից մինչև Դավիթ Շահնազարյան։ Մարդիկ, որ երբեք իշխանությանը չեն ծափահարել, ու չես կարող ասել, որ ՀԱԿ-ից հեռացել, Սերժ Սարգսյանին են միացել։ Եթե իրենք իրենց չեն հավատում, ժողովուրդը նորից ի՞նչ հիմքով ու ի՞նչ հեռանկարով հավատա։

Քաղաքացին տեսնում է, որ այո, կան պրոբլեմներ, բայց ամենավստահելի, իր ասածին հաստատուն քաղաքական ուժը ՀՀԿ-ն է։ Սերժ Սարգսյանն է, մարդ, որ անցել է իր քաղաքական ճանապարհը իր երկրի հետ, ում կյանքը բոլորի աչքի առաջ է եղել, պոպուլիստ երբեք չի եղել, բայց եղել է պատասխանատու իր բոլոր պաշտոններում ու քայլերում, երբեք չի խուսափել ճշմարտությունն ասելուց՝ անկախ այն բանից՝ իր համար լավ է եղել, թե վատ։ Շոուներ չի արել և հոգեցունց խոսքեր չի ասել, որ 2000 ընտրող ավելի ունենա։ Ժողովուրդն ամեն ինչ լավ տեսնում է, լավ գնահատում է։

Լավ, ընդդիմության այս տարտղնված, անորոշ վիճակի հաճար իշխանությունը պատասխանատու չէ՞, մեղավոր չէ՞՝ պատասխանատու լինելով երկրում կատարվող ամեն ինչի համար։

– Իշխանությունը պատասխանատու է, բայց իշխանությունը մեղավոր չէ։ Իշխանությունն աշխատում է ոչ միայն ընդդիմության, այլև հասարակության, միջազգային գործընկերների հետ։ Իշխանությունն ի՞նչ անի, որ ընդդիմությունն իր ցուցակները կազմելիս իր անդամներին կորցնում է՝ ով ցուցակի առաջին տասնյակում չէ, նեղանում-դուրս է գալիս, հետո իր նախկին ղեկավարին անվանարկում է։ Ստաց֊վում է, որ պայքարը պաշտոնի ու պատգամավորության համար է, ոչ թե ժողովրդին ծառայելու։

– Ընդդիմադիր միասնական թեկնածուի հավանականությանը հավատո՞ւմ եք։

– Իսկ ընդդիմադիր կուսակցությունները իրենց ներսում միասնակա՞ն են, որ միմյանց հետ միասնական հանդես գան։ Ես կարծում եմ, որ Հայաստանը երկբևեռ քաղաքական համակարգի մոդելին է մոտենում, ինչպես ԱՄՆ-ում է,

Ֆրանսիայում։ ՀՀԿ-ն ազգային պահպանողական ուժ է, ազգային արժեքների վրա հիմնված պետություն ունենալու կողմնակից, տնտեսության մեջ էլ՝ լիբերալ տնտեսակարգի։ Բայց մենք չենք հասել երկրորդ բևեռի բյուրեղացմանը, որովհետև այսօր քաղաքական հայտ են ներկայացնում մարդիկ, որ քաղաքական գործիչ չեն։ Այսօր մենք ունենք կայացած երկու քաղաքական ուժ՝ իշխանությունը՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ, և ՀՅԴ-ն՝ 114 տարեկան քաղաքական կուսակցություն, որ հիմա խորհրդարանում ունի

ընդամենը հինգ պատգամավոր, բայց միշտ ունեցել ու ներկայացրել է քաղաքական օրակարգ։ Համամիտ ես, համամիտ չես, բայց նրանց բարձրացրած խնդիրներն իրոք քաղաքական են։ Ո՞ւմ համար է զարմանալի, որ ՀՅԴ-ն խորհրդարանական հանրապետության կամ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի հարց է բարձրացնում, հարցը տարիների

պատմություն ունի, բայց զարմանալի է, երբ Ընտրական օրենսգրքի համահեղինակ ուժը իր հեռուստաընկերության եթերից գյուտեր է անում, թե ինչ է կոնսենսուսը, մոռանալով, որ կոնսենսուսը վետոյի իրավունքը չի բացառում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես  de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31