Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամը` Արտեմ Հարությունյանին. Եկեղեցին «վիթխարի հարստություն կուտակած» կառույցը չէ, որի «փողերի տակից հյութ է հոսում»

Դեկտեմբեր 04,2012 12:09

Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից` վերջերս «Հայելի» ակումբում  բանաստեղծ, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանի` եկեղեցու վերաբերյալ ասված տեսակետերի շուրջ:

«Պրոֆեսոր Արտեմ Հարությունյանի` օրերս արտահայտած գաղափարները դժվարանում եմ կիսել: Ոչ թե որովհետև հոգևորական եմ, այլ մի պարզ պատճառով, որ հայորդուս սիրտը ցավում է նախ և առաջ, որ ամենքիս Մայր Եկեղեցուն մտավորականի կողմից ներկայացված մեղադրանքներն արդարացի չէին և նաև վիրավորական: Իրեն Եկեղեցու կյանքին քաջատեղյակ ներկայացող բանաստեղծը, ցավոք, չգիտի, թե Եկեղեցին որքան բազմապիսի քարոզչական ու կրթական ծրագրեր ունի (հայորդյաց տներ, մանրանկարչության դպրոց, հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, հեռուստա և ռադիո ծրագրեր և այլն), որոնցից ոչ մեկին նա իր հմտությունները չի առաջարկել ծառայեցնել: Քննադատելը միշտ էլ դյուրին է, սակայն տեսնել է պետք, որ միայն Մայր Աթոռը (չեմ նշում տարբեր թեմերը) բարեգործական իր ճաշարանների ցանցի շնորհիվ ամեն օր Հայրենիքի տարբեր շրջաններում հազարից ավելի տարեցների ու անապահովների է կերակրում` զորակցելով նրանց կյանքի դժվարին այս շրջանում: Որբ և անապահով երեխաների համար Մայր Աթոռի հովանու ներքո գիշերօթիկ կենտրոն է գործում, մանկատներից դուրս եկած երիտասարդներով զբաղվող մեկ այլ կենտրոնի համար տրամադրվել են համապատասխան պայմաններ, սոցիալական օգնության բաժինը հնարավորինս աջակցում է տարբեր դժվարին իրավիճակներում հայտնվածներին` լինեն դրանք ազատազրկվածներ, անապահով ընտանիքներ և այլն:

Մայր Եկեղեցին ավելի քան որևէ մեկը քաջատեղյակ է իր ժողովրդի կարիքներին ու հոգսերին, սակայն Հայոց Եկեղեցին նույն պատկերավորությամբ ասված «վիթխարի հարստություն կուտակած» կառույցը չէ, որի «փողերի տակից հյութ է հոսում»: Բայց և այնպես, Եկեղեցին իր ունեցածը ծառայեցնում է իր ժողովրդին և ուրախալի է, որ այդ ժողովրդի մեջ կան զավակներ, ովքեր իրենց վաստակը մատուցում են Եկեղեցուն հենց վերոհիշյալ ծրագրերի իրագործման համար:

«Դարերով իր հզորությունը պահպանած եկեղեցին», ինչպես Ա. Հարությունյանն է վկայում, այսօր էլ պիտի հզոր լինի իր ժողովրդի կյանքում, որպեսզի հայորդիները կրթվեն իրենց ժողովրդի հազարամյակների ընթացքն ապահոված հոգևոր-ազգային արժեքներով և ոչ թե հայտնվեն զանազան մակերեսային քաղցրահամ թվացող հոսանքների մեջ: Իսկ այդ հզորացումը անվանել բուրժուականացում կամ այսօրվա առավել, քան երբևէ աշխույժ գործունեության մեջ եկեղեցին քարացած կամ քնած նկատել, ուղղակի արդարացի չէ»,-ասաց տեր Վահրամը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31