Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Ընդդիմությունը փոշիացրեց հասարակության ձայները… հետո 7 հոգով տեղավորվեցին Ազգային ժողովում»

Դեկտեմբեր 04,2012 12:00

«Ժառանգության» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի գնահատմամբ, դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում օգտագործվել է վարչական ռեսուրսներն ու ընտրակաշառք: «Ստյոպա Սաֆարյանը համեմատ երեք անգամ պակաս ձայն է ստանում մյուս մրցակցից: Այդ թեկնածուին ոչ մեկ չի ճանաչում , միակ առավելությունը քաղաքապետի աներձագ լինելն էր»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Բախշյանը: Հետո զարմացավ, թե ընտրողների մի զգալի մասն ինչու ընդհանրապես չմասնակցեց ընտրությանը.«Որովհետեւ հիասթափված են ու չեն հավատում փոփոխության»:

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին էլ զարմացրել է ընդդիմության զարմանքը. «Ի վերջո այն համայնքում էին կատարվում ընտրությունները, որտեղ թաղապետ է աշխատել Տարոն Մարգարյանը, եւ չեմ կարծում, որ աներձագ լինելը մեղք է: Համոզված եմ ՝ այսպես խոսող ընդդիմության որեւէ քաղաքական ուժ լիներ իշխանություն՝ նույն կերպ էր վարվելու եւ պատգամավորի մանդատը ամեն կերպ վերցնելու էր հաստատ»: Մ Եսայանի խոսքերով, Ստյոպա Սաֆարյանի նման պրոֆեսիոնալների կարիք ԱԺ-ում կա, բայց.« Մյուս կողմից չեմ հասկանում՝ ինչու իշխանությունը պետք է ժեստ աներ եւ տեղը զիջեր: Տեղի են ունեցել նորմալ ընտրություններ եւ արդյունքում հաղթել է այն թեկնածուն, որն ավելի ուժեղ է եղել: Հանրապետական կառույցն այս ընտրատարածքում ուժեղ է: Ինչո՞ւ եք զարմացել, որ ընտրվել է  ամենաուժեղ քաղաքական թիմի թեկնածուն»:

Տիկին Եսայանը չհամաձայնեց, որ ԱԺ լրացուցիչ ընտրություններում գաղափարական պայքար չի եղել. «Այդ պայքարի արդյունքում հաղթել է հանրապետականի գաղափարախոսությունը կրող թեկնածուն»:

Տիկին Բախշյանը հակադարձեց. « Հաղթել է չխոսող մարդը»:

Մ. Եսայանն էլ հավելեց. «Երբեմն ավելի լավ է մարդը չխոսի, քան այսօր մեր որոշ քաղաքական գործիչներ խոսում են… ընդդիմությունը փոշիացրեց հասարակության ձայները, հիասթափեցրեց, տարավ կանգնեցրեց հրապարակում, հետո հրապարակից ուղարկեց տները, եւ եկան 7 հոգով տեղավորվեցին Ազգային ժողովում: Դուք այս ամեն ինչի մեջ միայն իշխանության մեղքն ե՞ք տեսնում: Ընդդիմությունը անմեղ հրեշտակի պես նստած է, իսկ հասարակությունը ինքն իրեն հիասթափվո՞ւմ է: Ընդդիմությունն այսօր ակտիվ չէ, ընդդիմության ներսում համերաշխություն չկա, ցանկացած օրինագծի քվեարկության ժամանակ, նույն ընդդիմությունը որ հայտարարում է, որ բանակցություններ են վարում, քննարկումներ են անցկացվում, ինչ-որ հարցերի շուրջ աշխարհաքաղաքական բաներ են պայմանավորվում, մեկ էլ շատ կարեւոր հարցի շուրջ պարզվում է, որ իրենք տարաձայնություններ ունեն: Դուք ուզում եք այս ընդդիմությանը հասարակությունը հավատա՞, ո՞նց հավատա»: Տիկին Բախշյանն էլ շարունակեց. «Շատ ճիշտ եք ասում, ընդդիմությունը ձեզ լավ թեմա է տվել, մեր աչքն եք մտցնում… այսօր իշխանությունն էլ մի բան չէ, ընդդիմությունն էլ »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31