Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ վերջին ընտրությունների համեմատ՝ ընտրակեղծիքներն իրականացվել են «ամենաբարձր չափանիշներով»

Դեկտեմբեր 04,2012 11:33

Շաբաթ օրը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը հետեւած համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես հավաստիացրի պարոն Բարոզոյին, որ մենք հանձնառու ենք 2013 թվականի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ»։ Դրանից ճիշտ մեկ օր անց՝ դեկտեմբերի 2-ին, Ավանի թիվ 1 եւ Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեցին ՀՀԿ-ականներ Ռոբերտ Սարգսյանը եւ Արման Սահակյանը։ Թե որքանով էին այդ ընտրությունները «միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող», հայտնի է բոլոր գյումրեցիներին ու ավանցիներին։ Ինչպես ասել է Ավանում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, այդ ընտրություններն ամեն ինչ կարելի է համարել, բացի «ընտրություններում Ռոբերտ Սարգսյանի հաղթանակից»։

Ի դեպ, նշենք, որ Ստեփան Սաֆարյանը մի քանի ամիս առաջ նույն ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանի հետ ընտրապայքարում ստացել էր 9300 քվե, իսկ հիմա Տարոն Մարգարյանի աներորդու նման «հզոր քաղաքական գործչի» դեմ պայքարում հավաքել է ընդամենը 3680 ձայն։ Ասել է թե՝ ԱԺ վերջին ընտրությունների համեմատ՝ փոփոխություններն իրոք ակնհայտ են. այս անգամ ընտրակեղծիքներն իրականացվել են «ամենաբարձր չափանիշներով»։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա այստեղ կարեւոր է այն հարցը, թե ինչի հիման վրա են բարոզոները «հավաստիանում», որ փետրվարին Հայաստանում նորմալ (ամենա֊ բարձր չափանիշները թող իրենց պահեն, մեզ միջինն էլ է գոհացնում) ընտրություններ են լինելու, եթե իրենց տրված հրապարակային հավաստիացումից ընդամենը մեկ օր անց ընտրությունները խայտառակ կերպով կեղծվում են, իսկ իրենք որեւէ կերպ չեն արձագանքում։ Միգուցե նրանք պարզապես ուզո՞ւմ են «հավաստիանալ», քանի որ եթե իրենք չուզեն, ուրիշ ուզող կա՝ ի դեմս Ռուսաստանի, որը պատրաստ է «հավաստիանալ» անգամ խայտառակ ընտրակեղծիքների ու մարտի 1-ի կրկնության պայմաններում։

Ճիշտ այնպես, ինչպես երեկ ՀԱԿ-ը հավատաց ՀՀԿ-ի հավաստիացումներին եւ համաձայնեց մարտի 1-ի գործով նոր ժամանակավոր հանձնաժողովի հարցը 1 տարով հետաձգել: Այստեղ էլ է շատ կարեւոր հարցը՝ ինչու ՀԱԿ-ը ուզեց հավաստիանալ, միգուցե այն պատճառով, որ այս դեպքո՞ւմ էլ ուրիշ ուզող կար։ Ինչպիսին էլ լինեն մոտիվները, ամեն դեպքում իշխանության՝ վերջին օրերի պահվածքն ու խաղարկած սցենարները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը միանգամայն վերահսկում է իրավիճակը թե ներքին եւ թե արտաքին ճակատներում, ինչում նրան մեծապես օգնում է Եվրոպա-Ռուսաստան եւ ՀԱԿ-ԲՀԿ մրցակցությունը:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31