Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհի մայրը նույնպես չի կիսում ՀԱԿ-ի լավատեսությունը

Դեկտեմբեր 04,2012 11:23

«Ես չեմ կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը մեր ետեւում  երբեւէ պայմանավորվածություն ձեռք բերի ՀՀԿ-ի հետ: ՀԱԿ-ը երբեւէ հանցավոր համաձայնության չի գա: Կարող է լինի համաձայնություն, բայց ներքին պայմանավորվածություններին չեմ հավատում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալլա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխող մեծամասնության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մարտի 1-ին նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը մինչեւ 1 տարով հետաձգելու մասին: Իշխող կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ դա զերծ կպահի հարցը քաղաքականացնելուց: Իսկ ՀԱԿ-ում հավատում են Հանրապետականի եւ ՕԵԿ-ի այն խոստմանը, որ հարցի հետաձգման պարագայում մեծամասնությունը կողմ է քվեարկելու նոր հանձնաժողովի ստեղծմանը: Երեկ հանձնաժողովի նիստից հետո ԲՀԿ-ական գործիչները կասկածներ արտահայտեցին ՀԱԿ-ի լավատեսության վերաբերյալ:

ՀԱԿ-ի լավատեսությանն ուղղված որոշակի կասկածներ ունի նաեւ Ալլա Հովհաննիսյանը. «Ուղղակի եթե ես լինեի, ես չէի համաձայնվի, կասեի թող հիմա լինի քվեարկությունը, անգամ եթե Հանրապետականն ու ՕԵԿ-ը դեմ քվեարկեին, որովհետեւ ես համոզված եմ, որ մեկ տարի հետո էլ իրենք մեկ է, դեմ են քվեարկելու»:

Տիկին Հովհաննիսյանը մտածում է, որ հարցի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը  միգուցե մտածեց, որ ավելի լավ է այս պահին ինչ-որ հույս ունենալ, քան ոչ մի բան: Բայց ինքը այդպես չի գտնում. «Կարծում եմ, որ իրենք պետք է ստիպեին, որ քվեարկությունը տեղի ունենար, որովհետեւ իշխանության վրա որեւէ հարցում հույս դնելուն ես դեմ եմ, մանավանդ որ, Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր՝ հինգ տարի է անցել, ի՞նչ բացահայտում: Հիմա էլ մի տարի էլ շատ են տալիս, որ ասի վե՞ց տարի է անցել: Ես գտնում եմ, որ չպետք է համաձայնեին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31