Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում վճռորոշ մենամարտերի փուլն է: Սկսվում են քառորդ եզրափակիչները, որտեղ արդեն տարած հաղթանակը բռնցքամարտիկին ապահովում է առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականի 10 անդամներից այդ ճանապարհին մնացել է երեք հոգի՝ Տարոն Սողոմոնյանը՝ 56 կգ քաշային կարգ, Նարեկ Մելքոնյանը՝ +91 եւ Նիկոլ Արությունովը՝ 81 կգ: Նարեկն այն իրավունքը նվաճեց երեկ ուշ երեկոյան՝ միավորների խոշոր՝ 13:4 տարբերությամբ հաղթելով ամերիկացի Էնթոնի Սիմսին:
Այսօր մեր երեք բռնցքամարտիկներն էլ մտնելու են ռինգ եւ հաջողության հասնելու դեպքում կարող են մեդալ նվաճել: Ցերեկը Տարոն Սողոմոնյանը հանդիպում է կուբացի Ալեքսիս Գուբերտի հետ, իսկ երեկոյան Նիկոլ Արությունովը եւ Նարեկ Մելքոնյանը, համապատասխանաբար, Սթեդ Վուդալի (Անգլիա) եւ Յոզիֆ Գրանիկի (Խորվաթիա) հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ