Ամենայն հավանականությամբ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից կպատասխանեն, որ իրենք միանում են ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու պահանջին, եւ կստորագրեն համապատասխան ձեւաթղթի տակ։ ԲՀԿ-ում մեկ շաբաթ շարունակ ուսումնասիրել են հարցը եւ եզրահանգել, որ այն իրավական հիմնավորում ունի։ «Մենք գտնում ենք, որ որեւէ կերպ խոչընդոտել հարցի գոնե քննարկմանը, եթե ոչ լուծմանը, չի կարելի»,- երեկ մեր լրագրողին հայտնել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը նախաձեռնել է ՍԴ դիմել Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը
տապալելու պատճառով, որը նախատեսում էր փոփոխություններ իրականացնել Ընտրական, Քրեական օրենսգրքերում եւ Պետռեգիստրի օրինագծում։
Կարդացեք նաև
Իսկ մինչ ՍԴ դիմելը անհրաժեշտ է հավաքել 27 ստորագրություն։ ՀԱԿ-ին միացել է «Ժառանգությունը», սակայն խմբակցության պատգամավորներից եւ ոչ մեկը մինչեւ երեկ երեկոյի դրությամբ չէր ստորագրել այդ ձեւաթղթի տակ։ Չեն միանա ՀՅԴ պատգամավորները, որոնք այժմ նպատակահարմար են համարում դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին։ «ԲՀԿ-ականներից արդյո՞ք բոլորը կմիանան» հարցի պատասխանը Ուրիխանյանն առաջարկել է իրենից մի քանի օր անց լսել։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, երեկ, մինչեւ աշխատանքային օրվա ավարտ այդ ձեւաթղթի տակ ընդամենը 7 պատգամավոր էր ստորագրել։ Նրանք էին՝ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանն ու Ստեփան Դեմիրճյանը եւ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Վարդան Օսկանյանն ու Վահե Էնֆիաջյանը։
«Հրապարակ»