Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ դեպրեսիայի ժամանակները

Դեկտեմբեր 04,2012 10:49

Կիրակի թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական մանդատների համար ԱԺ լրացուցիչ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը (համապատասխանաբար՝ մոտ 31% և 37%) վկայում է, որ հասարակությունում ապատիկ տրամադրությունները խորանում են: Մարդիկ պարզապես դադարել են հավատալ, որ ընտրական գործընթացների միջոցով կարելի է ինչ-որ էական փոփոխության հասնել: Իշխանությունը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունները ձևական միջոցառում են:

Եթե թիվ 35 ընտրատարածքում հաղթած Արման Սահակյանի անունը հայտնի է Գյումրիին մայիսի 6-ի ընտրություններից և նրա ֆուտբոլային «Շիրակ» թիմից, ապա թիվ 1 ընտրատարածքում հանրապետական թեկնածուի հաղթանակը իսկական ապտակ է հասարակությանը, երբ պատգամավոր կարող է դառնալ մարդ, որի անունը որևէ ձևով մինչև այս ընտրությունները հայտնի չի եղել նրան ընտրողներին, և որի միակ «առավելությունը» Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի ու հանրապետական լինելն է:

Նման «լուծումներով» իշխանությունն ըստ էության հասարակության մեջ խորացնում է ապատիկ և դեպրեսիվ տրամադրությունները:
Նախագահական առաջիկա ընտրություններում իշխանության վերարտադրության միջոցառումը կազմակերպելու համար հենց այդպիսի տրամադրություններով հասարակություն է անհրաժեշտ: Հիասթափված հասարակությունը լավագույն տարբերակն է ընտրակեղծիքների մեքենան աշխատեցնելու համար:

Քաղաքական կամք ունեցող և ակտիվ հասարակության պարագայում հազիվ թե հանդուրժվի ընտրակաշառքը, կրկնակի քվեարկությունը և քվեների կամայական հաշվարկը: Սակայն մյուս կողմից էլ՝ նախագահական ընտրություններից առաջ վճռական տրամադրված հասարակություն ունենալուն մեծապես պետք է նպաստեն իշխանության հետ մրցակցող և նրան ընդդիմացող քաղաքական ուժերը:
Պարադոքսալ իրավիճակ է, երբ հանրության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է գործող իշխանություններից և ընդդիմադիր տրամադրություններ ունի, սակայն քաղաքական հարթակում այդ պոտենցիալն ուղղորդող վճռական քաղաքական ուժ չկա:

Իշխանությունների քաղաքականությունը չընդունող ուժերի հիմնական նպատակը պետք է լինի հասարակական լայն համախմբումը, ինչը իրական փոփոխությունների հույս կարող է ներշնչել լայն զանգվածների մեջ: Այդպիսի համախմբման ուրվականը չի երևում:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31