Երբ իշխանական ցանկացած անարժան թեկնածու անարգել ընտրվում է ԱԺ պատգամավոր, ո՞ւմ մեղադրել՝ ընտրողի՞ն, որը կաշառվում է, ոչ քաղաքական ընտրություն է կատարում, ենթարկվում է իր բաժին ֆեոդալին, թե՞ իշխանությանը, որն ընտրության չնչին իսկ հնարավորություն չի տալիս եւ ուժային բոլոր ու վաղուց փորձարկված մեթոդներով պարտադրում է իր կամքը։ Ես հակված եմ մեղադրանքները իշխանությանն ուղղելուն։ Ֆինանսական ու հոգեբանական ընկճված վիճակում գտնվող ժողովուրդը, եթե անգամ մեղք ունի, ապա այն բազմակի զիջում է իշխանավորների, իրենց մտավորական ու քաղաքական գործիչներ հռչակած մարդկանց մեղքին։ Ի վերջո, անգամ գրականության մեջ է մերժվում ու քննադատվում թույլին, անօգնականին, աղքատին հարստահարելը, ուր մնաց 21-րդ լուսավոր դարում չդատապարտվեր դա։ Իսկ իշխանական «էլիտան» մարդկանց նախ կարիքի ու կախման մեջ է գցում իրենից, ապա նրանց անօգնական վիճակից օգտվում։ Կարո՞ղ էին արդյոք ավանցիները կամ գյումրեցիները գնալ եւ ջնջել հանրապետականի թեկնածուներին: Անշուշտ՝ կարող էին։ Բայց ի՞նչ դասեր են քաղել նրանք անցյալից։ Տեսել են, որ երբ իրենց հարեւան Սարգիսը չընտրեց իշխանական թեկնածուին, ընտրություններից անմիջապես հետո կորցրեց աշխատանքը ու մինչ օրս գործազուրկ է։ Մյուս հարեւանը՝ Սիրուշը, համարձակվեց հայտարարել, որ չի ընտրելու՝ նրա որդու կրպակը փակեցին։ Մյուս հարեւանի՝ Հովսեփի նպաստը կտրեցին։ Չորրորդի աղջկան համատիրության նախագահի պաշտոնում «չվերընտրեցին»։ Եվ այսպես շարունակ։ Բայց ամենակարեւորը՝ ինչի՞ հասան նրանք դեմ քվեարկելով իշխանական թեկնածուին։ Ոչնչի՝ միեւնույն է, ՀՀԿ-ական «պոլի փետն» ընտրվեց, մեջտեղն իրենք վատամարդ դարձան ու սեւ ցուցակ ընկան։ Ուրեմն ի՞նչ իմաստ ունի ըմբոստանալը։ Բացարձակապես՝ ոչ մի։
«Հրապարակ»