Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նամակ նախագահին. «Խնդրում ենք, որ ՀՀ դեռևս կենդանի մնացած փոքրաթիվ բռնադատվածների նկատմամբ պետական հոգացության խնդիրը վերցնեք Ձեր բարձր հովանու ներքո»

Դեկտեմբեր 04,2012 10:28

1949թ. բռնադատվածների «Հուշամատյան» հ/կի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ մեծարգո Նախագահ

ՀՀ Ազգային ժողովի հարգելի նախագահ

ՀՀ հարգելի վարչապետ

ՀՀ ԱԺ պատվարժան պատգամավորներ

Ձեզ դիմում են ԽՍՀՄ շրջանի քաղաքական հետապնդումների շրջանում Հայաստանի Հանրապետությունում դեռևս կենդանի մնացած բռնադատվածների ներկայացուցիչները, որոնց թիվը մինչև ոչ վաղ անցյալը չէր անցնում 3000-ը, իսկ այսօր, հավանաբար, մնացել են մոտ 1000 մարդ: Մեծ թիվ չէ և ամեն օրը ավելի է նվազեցնում այդ թիվը: Այն անհամեմատ մեծ էր 16.08.1994թ., երբ ընդունվեց “ՀՀ օրենքը բռնադատվածների մասին”:

1994թ. Հայաստանի Հանրապետության համար սոցիալ-տնտեսական պայմանների իմաստով հավանաբար ամենածանր թվականն էր: Այդ ծանրագույն տարին ՀՀ դեռևս “Գերագույն խորհուրդ” կոչվող օրենսդիր մարմնի պատգամավորները բռնադատվածների մասին օրենք ընդունելով հնարավոր համարեցին իրենց քաղաքական և մարդասիրական վերաբերմունքն արտահայտել ոչ վաղ անցյալի քաղաքական ճնշումների վերաբերյալ` ընդգծելով Հայաստանի բնակչության և նոր հասարակարգի համար այդ երևույթի անհամատեղելիության մասին իրենց վերաբերմունքը, միաժամանակ դատապարտելով բռնությունները և փաստելով բռնությունների ենթարկվածների նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը: Մարդասիրության տեսակետից սա շատ բարոյական քայլ էր, իսկ քաղաքական տեսակետից` չափազանց կարևոր: Թվում էր, որ այս քայլով Հայաստանի Հանրապետությունն իր արժեհամակարգում ներդնում է քաղաքական բռնությունների անհնարինության սկզբունքը:

Մարդասիրության իմաստով “ՀՀ օրենքը բռնադատվածների մասին” քաղաքական բռնությունների ենթարկվածների համար սահմանում էր որոշ արտոնություններ, որոնք մեծ չէին, բայց համամասնելի էին 1994թ.` օրենքի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության հնարավորություններին: Հասարակությունը, բայց հատկապես բռնադատվածներն իրենք հենց այդպես էլ գնահատեցին այդ օրենքի և նրանում առկա սոցիալ-քաղաքական բովանդակություն պարունակող արտոնությունների միտվածությունը: Նրանք ընբռնումով էին մոտենում երկրի ծանր կացությանը, բայց ուրախ էին, որ նախ` հիշվել և դատապարտվել է իրենց խնդիրը, երկրորդ` որ անկախ Հայաստան պետությունը փորձում է օգնել իրենց: Այդ տարիներին նրանք չէին քննարկում, թե նախկին ԽՍՀՄ որ հանրապետությունը ինչքան ավելի զգայուն վերաբերմունք է դրսևորել իր բռնադատված քաղաքացիների նկատմամբ:

Օրենքի ընդունումից հետո անցած տարիների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն անհամեմատ կայունացել է, իսկ բռնադատվածների թիվը, ցավոք, զգալիորեն նվազել: Թվում էր, որ 1994թ. սահմանված մոտեցումները պետք է զարգացում ապրեին` ավելանային թվաքանակով նվազող բռնադատվածներին հատկացվող փոքր օգնությունները: Իրականում զարմանալիորեն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դժվարագույն տարիներին բռնադատվածներն օգնություն էին ստանում պետությունից, բայց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը և հարաբերական զարգացմանը զուգընթաց այդ օգնությունը գնալով նվազեց, մինչև գործնականում դադարելը: Իրենք` բռնադատվածներն այս երևույթը համարում են ոչ միայն մարդասիրության պակաս, այլև քաղաքական բռնությունների հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Այն, ինչ սկզբունքորեն անհնարինության աստիճան անընդունելի էր թվում անկախության առաջին տարիներին և ինչը ամրագրվեց 1994թ. օրենքով, այսօրվա Հայաստանի Հանրապետությունում սկսել է դառնալ ընդունելի: Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչու բռնադատվածներին որպես արտոնություն հատկացվող փոքր օգնությունը, ինչն ավելի բարոյական աջակցություն էր, քան` նյութական, փաստացի վերացավ:

2009 թվականից այն ժամանակվա Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Բոստանջյանը և Գոհար Ենոքյանը /Գոհար Ենոքյանը` նաև որպես բռնադատված ընտանիքի ներկայացուցիչ/ պարբերաբար փորձել են ՀՀ տարեկան բյուջեն ձևավորելիս ուշադրություն հրավիրել այս չարչրկված հարցին` ընդամենը ամսական 12000 դրամի չափով գումար տրամադրել օրեցոր նվազող բռնադատվածներին` թե որպես քաղաքական բռնությունները դատապարտող պետության կամքի ցուցաբերում, թե զանազան տառապանքներ կրած մարդկանց անցյալի կորուստների մասնակի փոխհատուցում: Այսօրվա ՀՀ պետական բյուջեյի համար չնչին գումար է սա, փոխարենը մեծ է բարոյա-քաղաքական ազդեցությունը: Սակայն խնդիրը չի լուծվում: Ֆինանսա-տնտեսական ճգնաժամերի մասին պատճառաբանությունները որևէ իրական քննադատության չեն դիմանում: Այսօրվա Հայաստանը 1994թ. վիճակում չէ, միաժամանակ Հայաստանի այսօրվա բնակչությունն անհամեմատ իրազեկ է նմանօրինակ այլ երկրներում բռնադատվածների խնդիրների լուծումներին: Մարդասիրությունից զատ մենք ռիսկ ենք անում կորցնելու մեր բնակչության ևս մի, արդեն քանիցս խաբված հատվածի վստահության վերջին փշուրները:

Մեծարգո նախագահ

Միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպումների ելույթներից տեսնում ենք, որ Դուք խորապես կարևորում եք մարդու իրավունքները, քաղաքական ազատությունները և անշրջելի եք համարում ժողովրդավարությունը` որպես Հայաստանի Հանրապետության ապագա: Քանի որ ներկա պահին ՀՀ Ազգային ժողովի կուսակցություններից որևէ մեկի ծրագրում դեռևս կենդանի մնացած բռնադատվածների վերաբերյալ որևէ ծրագիր չկա, ինչպես նաև տեսնելով, որ այս խնդրով շահագրգիռ որևէ պատգամավոր չկա, հասկանում ենք, որ մեր խնդիրը դուրս է մնում մեր երկրի քաղաքական օրակարգից: Այդ պատճառով, ինչպես նաև հավատալով քաղաքական բռնությունների մասին Ձեր անվերապահ բացասական կարծիքին, առաջարկում և խնդրում ենք, որ ՀՀ դեռևս կենդանի մնացած փոքրաթիվ բռնադատվածների նկատմամբ պետական հոգացության խնդիրը վերցնեք Ձեր բարձր հովանու ներքո: Հույս ունենք, որ Ձեր միջամտության դեպքում Հայաստանի Հանրապետության 2013թ. բյուջեն ձևավորողները և հաստատողները պատշաճ կգնահատեն իրականությունը և գոնե այսուհետ “Բռնադատվածների մասին” ՀՀ օրենքով բռնադատված ճանաչվածներին շանս կտան իրենց կյանքի վերջին տարիներին համոզվելու, որ իրենց նկատմամբ իրակացված բռնություններն իրոք դատապարտվում են և իրենց կրած զրկանքները փոխհատվուցվում են ՀՀ հնարավորությունների չափով: Խորապես համոզված ենք, որ սա բռնադատվածների վերջին շանսն է` անցյալում իշխանության նկատմամբ կուտակված անվստահությունը իրենց ծերության տարիներին թոթափելու, առավել ևս պետության կողմից իրենց գնահատված զգալու: Հավատացեք, որ նրանք օրհնանքով կհիշեն Ձեր Աստվածահաճո հոգատարությունը:

Հարգանքով` 1949թ. բռնադատվածների «Հուշամատյան» ՀԿ նախագահ

Գրիգորյան Ռուդոլֆ Մուշեղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31