ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի այն 4 պատգամավորներից մեկն է, որը բարձրագույն կրթություն չի ստացել եւ դիպլոմ չունի: 1995-ին բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ղեկավարության հետ ունենալով տարաձայնություններ՝ նրան հեռացրել են համալսարանից:
Քանի որ ընդունված պրակտիկա կա ԱԺ-ում, 40-50 տարեկանում պատգամավորների մի մասը, զգալով դիպլոմի անհրաժեշտությունը, նոր է բուհ ընդունվել, Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ցանկություն չկա՞ ասենք, իրենց խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի պես նորից ուսանող դառնալ եւ դիպլոմ ունենալ: Նա պատասխանեց. «Եթե դուք իմ անձնական կայքէջը նայեք, այնտեղ դրված է իմ ստուգման գրքույկը՝ ուսանողության տարիների: Դուք կտեսնեք, որ ես 5-րդ կուրսում եմ եղել, եւ ուսումնառության ընթացքում գերազանցից բացի որեւէ գնահատական չեմ ստացել: Ըստ էության, ապօրինաբար իմ ուսումնառությունն ընդհատվել է: Չեմ բացառում, որ երբեւէ կցանկանամ ավարտել բուհը: Դա իրավունքի հարց է, կարող եմ օգտվել այդ իրավունքից: Կան ընկերներ, որ հիմա ինձ խորհուրդ են տալիս, որ ես վերականգնվեմ համալսարանում: Այնուամենայնիվ, այստեղ մի նրբություն կա. քանի որ ես լրագրության ֆակուլտետից եմ հեռացվել, ես նախկինում փորձ չեմ արել վերականգնվելու, որովհետեւ ես փորձել եմ ապացուցել, ես բան եմ ունեցել ապացուցելու ինչ-որ առումով լրագրության ասպարեզում եւ ես ապացուցել եմ: Հիմա այդ հարցի հրատապությունը չկա»:Մենք ճշտեցինք` Ձեզ պետք չի՞ գալիս դիպլոմը եւ պետք չի՞ գալու, նա պատասխանեց. «Մինչեւ հիմա համենայնդեպս պետք չի եկել: Բայց խնդիրն ամենեւին այն չի՝ պետք կգա՞, թե՞ չի գա: Կարծում եմ, որ ես որեւէ այդպիսի բացառող կամ հաստատող պատասխան այս պահին չունեմ: Չի բացառվում, որ ես նորից փորձեմ ավարտին հասցնեմ իմ կիսատ թողած ուսումնառությունը: Ընդհանրապես ես միշտ սովորություն ունեմ անընդհատ սովորել: Ինչքան հնարավոր լինի եւ ինչքան շատ բան հնարավոր լինի, ես, իհարկե, այդ հնարավորությունը բաց չեմ թողնի: Ես միշտ կողմ եմ սովորելուն: Հայտնի ասացվածք կա՝ век живи-век учись: Սովորելու բոլոր հնարավորությունները կաշխատեմ օգտագործել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև