Այսօր Aravot.am –ի հետ զրույցում ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը, վերլուծելով թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները, որին հաղթեց իրենց թեկնածուն` Արման Սահակյանը, հպարտորեն շեշտեց, որ ընտրակաշառք չի բաժանվել, այս մասին խոսակցություն անգամ չի եղել, և որ ընտրությունները անցել են քաղաքական նոր մշակույթով:
Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ նոր մշակույթի մասին է խոսքը, երբ վարչական լծակներ էին օգտագործվում, մասնավորապես մայրաքաղաքից ժամանած ԴԱՀԿ աշխատակիցները պետական մեքենայով մարդ էին ապահովում ընտրատեղամաս, մեր ֆոտոխցիկը այդպիսի փաստ արձանագրել է Արցախ թաղամասում ծվարած «Ծիածան» մանկապարտեզի դիմաց, այս պաշտոնյան պատասխանեց. «Եկեք ուղղեմ: Ձեր ասած մայրաքաղաքից ժամանած ԴԱՀԿ մեքենան…. ԴԱՀԿ-ն ոչ մի օրգանական կապ չունի մեր մարզային կառույցի հետ և ոչ մի ադմինիստրատիվ համագործակցության պայման չի ունեցել նախապես, դա ես վստահաբար ասում եմ ձեզ: Երկրորդ, դա ընդամենը ծնունդով գյումրեցի երիտասարդի, որը գրանցված է եղել Գյումրիում, նախաձեռնությունն է եղել` գալ ու սատարել: Իմիջիայլոց, ասեմ, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է եղել վարորդը և գյումրեցի ծնունդով: ԴԱՀԿ մեքենայի հայտնվելը կապված է այնքանով , որ տղան, որպես վարորդ, աշխատում է ԴԱՀԿ-ում: Եկել է և գուցե իր ազգակցականին, հարազատին իր մեքենայով ուղեկցել է ընտրատեղամաս, բայց երիտասարդը, որի մասին խոսում ենք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագուներից է, դա ես վստահեցնում են, և բնական եմ համարում, որ Գյումրի գար և իր ակումբի նախագահին քաղաքական գործընթացում սատարեր»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ