Սամվել Բալասանյանի հայտարարության հետ կապված, որ ինքը Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում սատարում է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թեկնածությունը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը galatv.am–ին հայտնել էր, որ դրանով Սամվել Բալասանյանը անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին, իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ Լեւոն Զուրաբյանի «նմանատիպ դրսեւորումների» առաջիկայում ավելի շատ ենք ականատես լինելու: Մեր հարցին՝ նորմա՞լ է, որ Սամվել Բալասանյանը, առանց իր կուսակցության հետ համաձայնեցնելու, նման հայտարարություն է անում, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում ոչ իր կուսակցության, ոչ Սամվել Բալասանյանի պաշտպանի դերը ստանձնել, բայց մարդ, որն ունի որոշակի պաշտոն, քաղաքացի է, ուրեմն ինքը որոշում է: Եթե ինչ-որ խնդիրներ էլ առաջացել է, ապա դա իր եւ իր քաղաքական թիմի խնդիրն է, ոչ թե մեր: Մենք ունեինք մեր թեկնածուն եւ այդ թեկնածուին հազարավոր մարդիկ էին սատարում»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն էակա՞ն չէ՝ նա կսատարի՞, թե՞ չէ՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Չէ, էականի խնդիրը չէ: Եթե նա որոշել է, որ պետք է սատարի, մենք կարող ենք միայն ողջունել եւ ասել՝ շնորհակալ ենք, որ սատարեցիք մեր թեկնածուին, ընդամենը: Բայց ոչ թե մենք ինչ-որ ուղղորդել ենք նրան, բերել ենք, որ սատարի»: Մեր հարցին՝ կարո՞ղ ենք դա ընկալել՝ որպես պատասխան այն քայլի, որ Սերժ Սարգսյանը աջակցեց նրան՝ քաղաքապետի ընտրություններում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք մեր քայլերը կազմակերպելու եւ գործողություններ կատարելու ընթացքում ոչ մի ակնկալիք երբեւէ չենք ունենում որեւէ հարցում»: Նա նաեւ վստահեցրեց, թե «չէի ասի, որ դա Սամվել Բալասանյանի շնորհակալություն էր Սերժ Սարգսյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև