Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատասխանը անեկդոտի է վերածվել Գյումրու ՀԱԿ գրասենյակում

Դեկտեմբեր 03,2012 20:40

Թիվ 35 ընտրատարածքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղի համար պայքարող ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը, ով  երեկ պարտվեց ՀՀԿ-ական մրցակցին` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանին, այսօր Aravot.am-ի զրույցում ասաց, որ իր նախընտրական շտաբը արձանագրած  ընտրախախտումների շուրջ հարկ չի համարել գրավոր բողոք ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ու ոստիկանությանը:

«Ասեմ, թե ինչու գրավոր դիմում չենք ներկայացրել, երբ որ քվեարկության  օրը ահազանգեցինք  թանաքների օքսիդացման վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովին, պատասխանը բավականին շշմեցուցիչ էր: Փոխանակ իրենց մոտ ֆիքսելու, ընտրատեղամասերը ստուգելու, ճշտելու, նոր պատասխանելու.  եթե հարցը ենթակա էր կարգավորման տեղում կարգավորեին,  եթե ոչ , նորից ինձ պատասխանեին, մեզ միանգամից պատասխանեցին, որ  ՀԱԿ  շտաբից ահազանգողները հնարավոր է ենթարկվեն պատասխանատվության` պետական բյուջեին վնաս հասցնելու մեղադրանքով: Սկզբից չհասկացա, հետո երբ որ շարունակեցին պատասխանը, իրոք ապշեցնող էր: Պետական բյուջեն գումար է ծախսել, թանաք է առել, կամ թանաք է պատրաստել, իսկ ահազանգող վստահված անձը, ըստ հանձնաժողովի,  պետական բյուջեին վնաս է հասցնում: Իրոք  անեկդոտի է նման, այսքանից հետո դուք նման ինստանցիայի կվստահեի՞ք, որ ասենք փոխեին  ձեր մեքենայի ծակած պակռիշկեն,  իհարկե `ոչ, ես չէի վստահի: Էլ ո՞նց կարելի է վստահել ընտրական գործընթացի հետ կապված որևէ դիտարկում, բողոք», -հեգնեց նախկին թեկնածուն:

ՀԱԿ գրասենյակը ընտրախախտումների վերաբերյալ չի ահազանգել նաև ոստիկանությանը: «Ես չէի ուզենա, որ մեր  համաքաղաքացիներից որևէ մեկը քավության նոխազ դառնար, մեկին փորձեն ցուցադրական պատժեն, ասենք միամտություն է  ունեցել, մեկ անգամ քվեարկել է , անձնագրում կա դրոշմակնիք, բայց փորձ է արել երկրորդ անգամ քվեարկել: Չէի ուզենա, թեկուզ այսպիսի հիմքով մեր համաքաղացիներին ենթարկեին քրեական պատասխանատվության, այլ կուզենայի , որ  պատասխանատվության ենթարկվեին հանձնարարություն տվողները, սցենար մշակողները, էդ հղփացած, լկտիացած, քաղաքում երթևեկություն խանգարող, երթևեկություն պարալիզացնող ջիփավորները , որոնք եկել էին այստեղ, որպեսզի մեր տեղի  խեղճ, կամակատար, անողնաշար , ողորմելի չինովնիկներին , վարչության պետերին, գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին  չակերտավոր  ասած աշխատացնելու, ապահովելու իրենց կապրիզի հաղթանակը, ու սրանք անմեղսունակ էին: Նման անմեղսունակի կարգավիճակով, հլու-հնազանդ հարճի հեզությամբ  կատարում էին իրենց պարտականութունը`  խեղճ տատիկ-պապիկներին  զոռով ընտրատեղամաս բերելու», -ասաց Գյումրու ՀԱԿ համակարգողը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31