«Թանգարանը նորովի եւ ամբողջովին վերանորոգված ներկայանում է հասարակությանը, նրա մեջ ներառված է հնի ու նորի ներդաշնակությունը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ցուցադրության հեղինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նրա պնդմամբ` թանգարանը օրինակելի եւ ամբողջ տարածաշրջանում եզակի է. «Մեծ գործ ենք արել կոմպոզիտորի թանգարանը նորից ապրեցնելու համար: Թանգարանի կողքին շատ լավ մարդիկ են կանգնած, այն ապահով ձեռքերում է»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես այցելեցին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացան կատարված հիմնանորոգման աշխատանքներին:
Տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված «Հուշեր» ժողովածուի շնորհանդեսը: Այն ներկայացնում է կոմպոզիտորի ժամանակակիցների հուշերը նրա մասին: Դրանք հիմնականում այն հուշերն ու հոդվածներն են, որոնք գրվել են Սպենդիարյանի 100 ամյակի կապակցությամբ եւ տպագրվել մամուլում կամ անտիպ են:
Գրքերից մեկում հյուրերը բարեմաղթանքներ գրեցին: ՀՀ վարչապետը մաղթեց, որ մեր ապագա սերունդները վառ պահեն մեր մշակութային արժեքները: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ցանկացավ, որպեսզի հետագայում գրքի էջերը համալրվեն նոր նյութերով` մեր ժամանակների ուսումնասիրողների, երաժիշտների եւ երկրպագուների կողմից:
Կարդացեք նաև
Տուն-թանգարանը այսօր ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ, որում կարևորվել է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տեղն ու դերը 20-րդ դարի համաշխարհային և, մասնավորապես, հայկական երաժշտարվեստի զարգացման գործում, նրա անգնահատելի դերը հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադրման, սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման, օպերային ստուդիայի ձևավորման գործում: Օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ` գրավիչ ու ամբողջական ցուցադրություն ներկայացնելու համար: Այստեղ այցելուները բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կներգրավվեն տարածաշրջանում միակ` «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին, որով կարող են փորձարկել իրենց դիրիժորական կարողությունները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ