«Ես կոմպետենտ չեմ այլ քաղաքական ուժերի հնարավոր եւ անհնարին համաձայնությունների մասին խոսել: Բայց կոմպետենտ եմ ԲՀԿ-ի անունից մտահոգություն հայտնել, մեր հավանությունը ներկայացնել եւ այլոց անհասկանալի գործողությունները զարմանալի գործողություններ որակելու»,- Aravot.am-ի հարցին` կարծում եք ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը գաղտնի պայմանավորվածություն ունե՞ն մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը ձեւականորեն հրապարակում պահելու համար, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել` հարցը մինչեւ մեկ տարով հետաձգելու վերաբերյալ, պայմանով, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ են քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հարցի հետաձգում չի եղել: Նրա կարծիքով, իշխանությունն ընդունել է ՀԱԿ-ի պահանջը` մարտի 1-ի ըստ իշխանության փակված էջը նորից վերաբացվի: Հետաքրքրվեցինք` հարցի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը միանձնյա՞ է այդ համաձայնության գալու որոշումը կայացրել, թե՞ դա ՀԱԿ խմբակցության միասնական կարծիքն է, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դեռ չորեքշաբթի օրը զիջումների գնալու որոշման շուրջ համաձայնության էին եկել ինքն ու Ջհանգիրյանը, որը հետագայում ընդունվեց խմբակցության կողմից:
«Ամսի 2-ին Բրյուսելից վերադարձել եմ, գիշերը նորից մեկնել Սանկտ Պետերբուրգ: Մոսկվայից միջանկյալ օդանավ նստելիս արդեն, ինձ զանգահարում են խմբակցությունից եւ տեղեկացնում, որ մի ահռելի աղմուկ-աղաղակ է բարձրացել, թեպետ, հընթացս, ինչքան որ ես հասցրել էի ծանոթանալ լրատվամիջոցների հրապարակումներին, սկսեցի հասկանալ, որ նորից շահարկում է տեղի ունենում: Ճիշտ այնպես, ինչպես, որ ոմանք շահարկեցին ամսի 28-ին իմ ներկա չգտնվելու հարցը, չնայած, որ, հասկանալով այդ ամենը, նախօրոք հանգամանալից բացատրություն տվեցի»,- Aravot.am-ին իր վրդովմունքը փոխանցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Բանն այն է, որ ամսի 28-ին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀԱԿ-ի նախաձեռնությունը` մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նիստին հանձնաժողովում ԲՀԿ միակ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը չէր մասնակցում, քանզի Բրյուսելում մասնակցում էր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկում էր լինելու նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված:
Կարդացեք նաև
Այս ամենից հետու Ուրիխանյանին մնում է միայն հարց ուղղել «շահարկողներին», թե այսուհետ ինչպե՞ս են նայելու ԼՂՀ-ի այն բնակիչների հարազատների աչքերին, որոնք մահանում են Հայաստան տեղափոխվելու ճանապարհին, քանի որ օդային փոխադրամիջոց չունենալու պատճառով 4-5 ժամ տեւող ավտոճանապարհի ծանրությանը չեն կարողանում հաղթահարել: Ամսի 28-ին քվեարկությունը չկայացավ, այն տեղի ունեցավ այսօր առավոտյան, որին եւս Տիգրան Ուրիխանյանը չպիտի մասնակցեր, քանի որ Սանկտ-Պետերբուրգում մասնակցելու էր Եվրաինտեգրացամնը նվիրված միջոցառման: Սակայն, բարձրացած աղմուկի պատճառով վերադարձել էր Հայաստան: Սանկտպետերբուրգյան համաժողովին մեմորանդումի ընդունումն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է, իսկ ԲՀԿ-ին հաջողվել է «արարողակարգային մասնակցություն» ապահովել միջոցառմանը:
Սակայն, Ուրիխանյանին վրդովեցրել է այն, որ ընդհատելով իր այցելությունը, ինքը վերադարձել է Հայաստան` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ ԲՀԿ-ի անփոփոխ դիրքորոշումը ներկայացնելու համար եւ հանդիպում է մի իրողության, «որտեղ շատ արագ, առանց քվեարկության , հարցը հետաձգվում է. քաղաքական մեծամասնության ներկայացուցչի` նիստը վարող Դավիթ Հարությունյանի առաջարկով, հեղինակը համաձայնվում է` մինչեւ մեկ տարի ժամկետով հարցը հետաձգել»: Տիգրան Ուրիխանյանին առնվազն անհասկանալի են այս զարգացումները:
Նկատենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եվս իր կասկածն էր արտահայտել այս առումով: «Ինչո՞ւ հետաձգվեց»,- հարցնում է Ուրիխանյանը` հիշեցնելով հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի հրապարակած առաջարկը` նախագահական ընտրություններից հետո հարցին անդրադառնալու հստակ ժամկետ սահմանելու մասին ու հավելում. «Այս հարցն ինձ համար մնում է օգում առկախված, որպես այսօրվա քաղաքական օրակարգում ամենաակնառու հարց»:
Մեր զրուցակցին հուզում է նաեւ այն, որ պետաիրավական հանձնաժողովի նիստերին իր մասնակցությունը բոլորի համար դարձել է, կարծես, ճակատագրական հարց, այն պարագայում, երբ տեղի ունեցած չորս նիստերից երկու անգամ ինքը ներկա է եղել, երկու անգամ էլ հարցը հետաձգվել է, իսկ մյուս երկու անգամները, երբ ինքը բացակայել է «չափազանց օբյեկտիվ պատճառաբանություններով»` փորձ է արվել ամեն ինչ կոտրել ԲՀԿ-ի վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ