ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտի» հետ ունեցած զրույցում նշեց, որ ինքը` որպես Կապան քաղաքի բնակիչ, դեմ է Շահումյանի բաց հանքի շահագործմանը: Իսկ որպես տեսչության պետ` իր կարծիքը կարտահայտի ավելի ուշ, երբ բաց հանքի նախագիծը հստակեցված ու բնապահպանական փորձաքննություն անցած լինի:
«Ես` որպես Կապան քաղաքի բնակիչ, միանշանակ դեմ եմ բաց հանքի բացմանը, դա իմ անձնական կարծիքն է: Երբ նախագծի ամբողջ փաթեթը մտնի բնապահպանական փորձաքննության, այն ժամանակ մենք մանրամասն կուսումնասիրենք իրենց ներկայացրածը եւ մեր եզրակացությունը կտանք` արդեն տեսչության անունից: Ամեն դեպքում, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր կողմից հաշվի կառնվի շրջակա միջավայրի վրա ցանկացած բացասական ազդեցություն, բացասական ցանկացած ներգործության դեպքում մենք միանշանակ դեմ կլինենք այդ նախագծին: Տեսչության կողմից գնահատումը կտրվի, եթե այդ ամենը տեղավորված լինի փաստաթղթերի մեջ եւ հանձնված լինի մեր նախարարությանը` բնապահպանական փորձաքննության պահանջով: Այդ ժամանակ որպես տեսչության պետ` ես իմ ասելիքը կասեմ, ժամանակից շուտ չեմ ուզում առաջ անցնել եւ գնահատական տալ», – ասաց Լեւոն Պետրոսյանը:
«Դինո գոլդ մայնինգի» կողմից բաց հանքի տարածքում իրականացվող հետախուզական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ինչպես տեղեկացրել էին ընկերությունից` 2013թ.-ի հունվար-փետրվար ամիսներին կարվի ընդհանուր արդյունքների գնահատում, իսկ ապրիլին կամ մայիսին արդեն կհայտարարվի տրամաբանակա՞ն է բաց հանք ունենալը, թե՞ ոչ:
«Դինո գոլդի» պատասխանատուները անցկացված տարբեր միջոցառումների ժամանակ բազմիցս են հայտարարել, որ բաց հանքը գործարկելու դեպքում կկիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության հարցն իրենց մոտ խիստ է դրվելու եւ անպայման հաշվի է առնվելու տեղի բնակչության կարծիքը: Տեղական հ/կ-ներն էլ իրենց հերթին քննարկումների ժամանակ կտրականապես դեմ են արտահայտվել բաց հանքի շահագործման ցանկացած քայլի` նշելով, որ մարզկենտրոնում առանց այն էլ հիվանդացությունները զարգացել են, իսկ շրջակա միջավայրին հասցվող վնաները` լայն թափով ավելացել:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ