Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դիմելու համար ստորագրել է 16 պատգամավոր

Դեկտեմբեր 03,2012 18:44

«Մենք ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ եւ այդ հարցի շուրջ միշտ մտահոգություն ենք արտահայտել: Վերջին հաշվով, դատական հայց է ներկայացվելու»-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին` միանալո՞ւ է ԲՀԿ խմբակցությունը ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ՍԴ դիմելու նախաձեռնությանը: Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ դատարանի դիմելու համար բավարար իրավական հիմքեր են անհրաժեշտ, այլապես հայցը պարզապես կմերժվի, անգամ վարույթը կարող է մերժվել. «Բայց ոչ մի կերպ չենք ցանկանում մերժել` հանրությանը հուզող հարցի քննարկմանը, գոնե, եթե ոչ դատական կարգով լուծմանը, հետեւաբար, պատրաստակամ ենք աջակցել, որպեսզի հարցը քննարկման փուլ մտնի եւ եթե հիմքեր կան` լուծվի»:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը անցյալ շաբաթ ստորագրահավաք էր նախաձեռնել Սահմանադրական դատարան դիմելու համար: ՀԱԿ-ը վիճարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքի որոշ դրույթների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Մասնավորաբար, ՀՀ սահմանադրության 70 հոդվածը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար սահմանում է նաեւ 44 պատգամավորների ստորագրություններով հիմքը, իսկ Սահմանադրության 71 հոդվածը ամրագրում է, որ արտահերթ նիստի որոշումները կարող են ընդունվել նիստին մասնակցող պատգամավորների մեծամասնությամբ: Մինչդեռ, ԱԺ կանոնակարգ օրենքը արտահերթ նիստ սկսելու համար քվորում է սահմանել: ՀԱԿ –ում գտնում են, որ այս իմաստով ԱԺ կանոնակարգը չի համապատասխանում Հայաստանի գերակա օրենքին՝ Սահմանադրությանը: Այս խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական մեծամասնությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի` իրեն սահմանած հնարավորությունից, բոյկոտեց խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում ընտրական օրենսգրքի փոփոխություններն էին:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Այսօր 17.00-ի դրությամբ ձեւաթուղթը ստորագրել էր 16 պատգամավոր: ԲՀԿ-ից ձեւաթուղթը ստորագրել են Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիյաջյանը, Վահան Բաբայանը:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն խոստացել էր, որ ամբողջ խմբակցությամբ միանալու են նախաձեռնությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31