Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը` Facebook-ի «դավադրությունների» եւ «խեղդող» թեմաների մասին

Դեկտեմբեր 03,2012 18:33

«Սոցիալական մեդիա ասելով` Հայաստանում առաջին հերթին հասկանում են Facebook-ը, որը, ցավոք թե բարեբախտաբար, դարձել է սոցիալական ինչ-ինչ հարցեր լուծելու եւ ինֆորմացիա փոխանակելու հարթակ: Քանակական տեսանկյունից առաջին հորիզոնականում է Odnoklassniki-ին, որը շուրջ 700.000 ակտիվ օգտատեր ունի: Սակայն ցանցում գրանցվածների իրական թիվը հնարավոր չէ հաշվել, որովհետեւ մի քանի «պրոֆիլ» են պահում, մեկը` աղջիկ խոսեցնելու, մյուսը, ասենք, տատիկի հետ խոսելու համար»,-այսօր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում տեղի ունեցած վարպետության դասի շրջանակում ասաց տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Խոսելով Facebook սոցցանցի տարաբնույթ հնարավորություններից` Մարտիրոսյանը նշեց, որ ցանցի ակնհայտ ազդեցությունը սկսվեց  2010թ-ին, երբ աղմուկ էին բարձրացրել Կինոմոսկվայի ամառային դահլիճի հետ կապված դեպքերը. «Առաջին անգամն էր, երբ Facebook-ն ազդեց ռեալ կյանքի վրա: Ինչպես հիշում եք, շենքն ուզում էին քանդել եւ վերականգնել դրա տեղում եղած եկեղեցին: Facebook-ի շնորհիվ կարողացան «հանել» ժողովրդին եւ արդյունք ունենալ: Իհարկե, մարդկանց մի մասն էլ պնդում էր, որ եկեղեցին կարեւոր է բետոնե կառույցից: Մեկ այլ դեպքում առաջացավ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարող խումբը, որը թեեւ հաջողության չհասավ, բայց փոխարենը լուրջ փոփոխությունների ենթարկվեց համապատասխան օրենքը: Մյուս դեպքում խնդիրը վերաբերում էր հղի կանանց իրավունքներին: Կառավարությունը, այսպես ասած, ուզում էր «քցել» նրանց: Facebook-ում համախմբվեցին մեծ թվով հղի կանայք եւ նրանց համակիր տղամարդիկ, եւ արդյունքում հարցը լուծվեց»:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով. «Հայկական լրատվական կայքերի այցելուների մեծ մասը Facebook-ից են «գալիս»: Facebook-ում տեղադրածի վրա կտացնում են եւ հայտնվում ԶԼՄ-ում, հետո էլ` դժվարանում հիշել, թե որտեղ են այս կամ այն ինֆորմացիան կարդացել: Միաժամանակ, Facebook-ը սոցիալական մեդիաներից ամենամեծ թերություններն ունեցողներից է: Երբ ցանցում գրում ենք անձնական կյանքի մասին, նորմալ է, բայց երբ ցանցն օգտագործում ենք քաղաքական հարցեր լուծելու նպատակով, լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում: Իհարկե, Facebook-ում այն քաղաքական գործիչներն են, ովքեր գրել գիտեն»:

Մասնագետը նաեւ ասաց, որ Facebook-ը «դավադիր հարթակ է». «Այն գողանում է մեր գրառումները. երկու տարի առաջ կատարած գրառումդ չէս կարող գտնել, որովհետեւ Facebook-ն արխիվացիա չի կատարում, ինչպես բլոգերի մի մասը: Բացի այդ, Facebook-ն է որոշում, թե օգտատերն ինչ կարդա եւ բոլոր ընկերների գրառումները չէ, որ ցույց է տալիս: Հավաբանար, դա գալիս է այն սկզբունքից, որ միանգամից այդքան ընկերների գրառումները կարդալը նպատակահարմար չէ: Այդ կերպն դեպրեսիվ իրավիճակի մեջ կընկնենք. պատկերացրեք, մեկը գրում է, որ նշանվել է, մյուսը գնում է խեցգետին ուտելու եւ այլն: Ընդհանուր առմամբ` Facebook-ը ցույց է տալիս առավել քննարկված եւ «լայք» հավաքած գրառումները: Օրինակ, երեկ չէ առաջին օրը պտտվող թեմաները Եվրատեսիլն էր եւ մատնաքաշը: Հնարավոր է, որ մեկը Թուրքիայի` պատերազմ հայտարարելու մասին գրառում կատարեր, եւ ոչ մեկ դա չտեսներ, որովհետեւ այդ ժամանակ «խեղդող» թեմաներ կային»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31