Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայանը՝ Վանո Սիրադեղյանի նախաձեռնության մասին. Մութուցուրտ տարիներին արձան կանգնեցրինք

Դեկտեմբեր 03,2012 18:02

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն անհանգստացած է Լեոնիդ Ենգիբարովի քանդակի ճակատագրով. Կրկեսի շենքը պայթեցված է, քանդակն էլ՝ հանված շինարարական աշխատանքների պատճառով: «Մութ ու ցուրտ տարիներին որոշում կայացվեց, որ կրկեսի մոտ պետք է Ենգիբարովի արձանը դրվի, նախաձեռնողը՝ Վանո Սիրադեղյանն էր, ցանկությունը մեծ էր, հնարավորությունները՝ քիչ: Բայց արձանը, որ ուրիշ շունչ ու ենթատեքստ ուներ, դրվեց: Ես այդ տարիներին Սպանդարյանի շրջգործկոմի նախագահն էի, իսկ Մեսրոպ Մովսեսյանը ղեկավարում էր «Ա1+ » անկախ հեռուստաընկերությունը, ու ինքն էլ էր ցանկանում, որ անպայման այդ արձանը լինի: Մեր լավագույն քանդակագործներից

Լեւոն Թոքմաջյանն իր վրա վերցրեց այն կերտելու պատասխանատու պարտականությունը…

Այն ժամանակ իմաստ կար՝ չնայած դժվարին տարիներին, մարդը անտեսված չէր՝ լիներ թատրոնի, երաժշտության կամ այլ բնագավառից: Պետությունը չէր մոռանում ժողովրդի զավակներին: Եվ ամենքս մեր ներդրումն ունեցանք՝ ես՝ իմ փոքր լուման որպես տարածքային շրջգործկոմի նախագահ, նախաձեռնությունը Սիրադեղյանինն էր, լուսաբանումը՝ Մովսեսյանինը, քանդակագործական աշխատանքը՝ վարպետինը….Հիմա անցել է շուրջ 20 տարի, ո՞ւր է այդ քանդակը, գուցե այսօր՝ 2012-ին արձան տեղադրելը մի մեծ բան չէ, բայց 90-ականներին դա տիտանական աշխատանք էր, տեխնիկա չկար, պատերազմը նոր էր ավարտվել….

Շատերը ղեկավարության մեջ, ի դեմս ՀՀ նախագահի, կհիշեն, թե այդ փոքր միջոցառումն իր մեջ ինչ մեծ շունչ էր պարունակում, իսկ հիմա քանդակը ինչ-որ անկյունում է դրված, մինչդեռ նրա տեղը պետք է ավելի ապահով լիներ՝ ի նշան ոչ թե իմ, Մովսեսյանի կամ Սիրադեղյանի, այլ Ենգիբարովի ու Թոքմաջյանի հանդեպ հարգանքի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է պարոն Տեր-Եսայանը:

Նաեւ փաստում է՝ դե թող հիմա նման մի բան անեն. «Վերջերս Լուսինե Զաքարյանի ու ամուսնու տունը տեսա հեռուստատեսությամբ, դե թող Հայաստանի սոխակի համար մի բան անեն, թող հիշեն, ու Կողբացու վրա այն հատվածում, որտեղ Լուսինեն է ապրել, թող եկեղեցականները «Բենթլիով» մի քիչ ման գան, տան առաջ հուշատախտակ դնեն»:

Aravot.am-ը Լեւոն Թոքմաջյանից եւս հետաքրքրվեց՝ իբրեւ Ենգիբարովի արձանի հեղինակ, գաղափար ունի ՞, թե որտեղ է այն: Քանդակագործը վստահեցրեց, որ անձամբ գնացել-ստուգել է. «Քանի որ շինարարություն է ընթանում, արձանը պահակի բուտկայում է դրված, ապահով տեղում է: Լա՜վ փակված է, ցելոֆանով ու ազբեստով փաթաթված: Երբ շենքը պատրաստ լինի, դարձյալ կկանգնեցվի կրկեսի մոտ՝ առաջվանից ավելի երեւացող տեղում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31