Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Զապոռոժեցի» պատճառով ընտանեկան նպաստ չեն տվել 2 հաշմանդամ երեխա ունեցող ծնողին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2012 17:42

Հայաստանի մանկական բնակչության 1%-ը պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներն են, այսինքն` 8000 երեխա, սակայն, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի, առավել հավանական է, որ այդ թիվը շուրջ 12 հազար կարող է լինել, պարզապես տարբեր պատճառներով պաշտոնապես չեն գրանցվել: Այսօր նման կարծիք հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը «Նովոստի Արմենիա» ակումբում`հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

Տիկին Արենսի խոսքերով, ըստ հարցման, հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ, իսկ 8%-ը`ծայրահեղ աղքատության: Բացի այս, ըստ նույն այդ հարցման, Հենրիետա Արենսի խոսքերով` մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաները հանրակրթության հասանելիության հարցում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած. «Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը չի հաճախում դպրոց, իսկ գյուղաբնակ վայրերում` 4 երեխաներից 1-ը, ընդ որում գյուղերի` դպրոց չհաճախող երեխաների ծնողների 51%-ը հավատացած է, ո ր իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել, մայրաքաղաքում ծնողների ` 36%-ն է այդպես մտածում»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն էլ ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նոր օրենքի նախագիծ են ներկայացրել կառավարություն. Այս նոր օրենքում, ներառված են ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնական դրույթներն ու սկզբունքները, որոնք թույլ կտան բազմաթիվ խնդիրներ լուծել:

Հարցին, թե կառավարությունն ի՞նչ է անում հաշմանդամություն ունեցողների շրջանում աղքատության կրճատման ուղղությամբ, փոխնախարարը մի շարք օրինակներ բերեց` առողջապահական ծառայությունների եւ դեղորայքի անվճար տրամադրում, հաշմանդամ երեխային խնամող ծնողի չաշխատելու 10 տարիները հաշվարկում են որպես աշխատանքային ստաժ, 18.200 դրամ կենսաթոշակ եւ շատերին նույնիսկ տրամադրում են ընտանեկան նպաստ:

Ասուլիսի մասնակից 2 հաշմանդամ երեխաների ծնող Մերի Մարտիրոսյանն էլ վստահեցրեց, որ չնայած 18.200 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում, իր ընտանիքին չեն տրամադրել ընտանեկան նպաստ, քանի որ նրա հայրը «Զապոռոժեց» մեքենա ունի, բացի այս, չնայած առողջապահական ծառայություններն անվճար են, բայց դեղորայքները ինքն է գնում. «դռնեդուռ ընկած բարերար եմ փնտրում, որ երեխայիս դեղորայքի համար գումար գտնեմ: Վարձով ենք բնակվում, ես չեմ աշխատում, էլի դռնեդուռ ընկած վարձի ու կոմունալ վճարների համար բարերար եմ փնտրում»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31