Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնությունը մի պայմանավորեք մենթալիտետով. ահազանգում են առանց բռնության հասարակություն երազողները

Դեկտեմբեր 03,2012 17:25

Այսօր «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Գենդերային հիմքով բռնության դեմ ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում իրականացրեց հանրային միջոցառում՝ «Ընտանեկան բռնությունը որպես ամուր ընտանիքի հիմք» խորագրով:

Ակցիայի պատասխանատու Աննա Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Վերնագրի մեջ որոշեցինք սարկազմային տարրեր մտցնել, որովհետեւ պարզ է, որ ընտանեկան բռնությունը չի կարող լինել ամուր ընտանիքի հիմք եւ ընդհանրապես՝ բռնության որեւէ դրսեւորում չի կարող ցանկացած փոխհարաբերությունների հիմքում լինել դրական մասնիկ: Որոշեցինք այդպես անվանել ակցիան նաեւ մի պարզ պատճառով, քանի որ մեզ մոտ ընտանեկան բռնությունը փորձում են արդարացնել, ասելով, որ հայկական մենթալիտետին բնորոշ է, եւ դրանով կոծկում են իրողությունը կամ արդարացնում, որ տան 4 պատերից դուրս չգա»,- նշեց Նիկողոսյանը, հավելելով, որ ակցիայի միջոցով փորձում են ցույց տալ, որ հենց 4 պատերից պետք է դուրս հանել բռնությունը, որպեսզի կարողանան նվազեցնել այն:

Միջոցառման շրջանակներում անդրադարձ եղավ ընտանեկան բռնության 4 կոնկրետ դեպքի՝ Մարիամ Գեւորգյանի, Մարո Գուլոյանի, որը որակվել էր իբրեւ ինքնասպանություն. 3 ամսական հղի կինը, որը ուներ 2 տարեկան երեխա, չնայած ասում են ինքնասպան է եղել, բայց ըստ Աննա Նիկողոսյանի՝ փաստերն այլ բան են հուշում. «Մյուս դեպքը՝ Անահիտ Բաբայանինն է, որտեղ ամուսինը պարբերաբար բռնության էր ենթարկել կնոջը ու մի օր էլ առավոտյան խաշ ուտելուց հետո սպանել; Չորրորդն էլ՝ Նունեի դեպքն է, որը տեղի է ունեցել Երեւանում, այժմ գործը հետաքննության փուլում է: Նրա ամուսինը եւս պարբերաբար ծեծի էր ենթարկել կնոջը: Սրա հետ կապված, ցավոք, շատ տվյալներ չենք կարող հրապարակել, իրավունք չունենք»,- մանրամասնեց Նիկողոսյանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպության 4 անդամներ հանդես եկան ընտանեկան բռնության ենթարկված վերոնշյալ կանանց ներկայացնելով՝ պաստառներով, որոնց վրա գրված էր հուզիչ նախադասություններ՝ իրենց դեպքերի հետ կապված:

Իսկ 2 սեղանների մոտ էլ, որոնց վրա գրված էր «ընտանեկան բռնությունը որպես ամուր ընտանիքի հիմք», «ընտանեկան բռնությունը պետք է մնա 4 պատերի ներսում»՝ անցորդները մոտենում ու նշումներ էին անում, համաձայնվելով, կամ հակառակվելով, քննարկելով երեւույթը:

Նիկողոսյանը նաեւ հայտնեց. «Քանի որ նոյեմբերի 30-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց դատավճիռ ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գեւորգյանի գործով եւ որոշեց Մարիամին դաժան խոշտանգումների եւ ծեծի ենթարկած սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի հանդեպ բավականին մեղմ պատիժ սահմանել՝ անդրադառնում ենք նաեւ Մարիամի գործով վճռին՝ բարձրացնելով այն մտահոգությունը, որ ընտանեկան բռնության օրենքի բացակայությունը հանգեցնում է դժգոհության մեծ ալիք բարձրացնող նմանօրինակ դատավճիռների կայացմանը: Դեպքը վիզուալացրել ենք լուսանկարների, պաստառների միջոցով, որպեսզի անցորդները հասկանան՝ ինչի համար ենք պայքարում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31