Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խոստման մասին. «Ընդհանրապես պիտի դրա մասին մոռանալ»

Դեկտեմբեր 03,2012 17:16

«Խոսել, որ Սերժ Սարգսյանը խոստումը կատարել է, ընդհանրապես պիտի դրա մասին մոռանալ»,-ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն այսպես արձագանքեց, երբ Aravot.am-ը նրան հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր. «Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ` ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության և ռիսկերի նվազեցման նպատակներին»:

Այնուհետև Վ. Խաչատրյանը մանրամասնեց. «Նախագահը այդ խնդրի իրականացումը տապալեց: Այդ խոստումները չեն տալիս միայն, պետք է պայմաններ ստեղծել մրցակցային միջավայր ձևավորելու համար: Այնինչ մեր երկրում ոչ միայն տնտեսության, այլև ոչ մի բնագավառում մրցակցություն չկա: ՀՀԿ-ն հեշտությամբ կարողացավ վերականգնել ԽՍՀՄ-ի կուսակցական մենաշնորհը, բայց ավելի վատ ձևով: Այնտեղ կար կոմունիստական կուսակցություն, պետական սեփականություն և պետության մենաշնորհ: Հանրապետական կուսակցությունը շատ հեշտությամբ կարողացավ ստեղծել կուսակցական մենաշնորհ ՀՀԿ-ի ղեկավարությամբ, բայց նա մասնավոր մենաշնորհ ունի բոլոր բնագավառներում, ինչը բերեց մրցակցության բացակայության: Պատճառները քաղաքական են, քանի որ, եթե լինի մրցակցություն, ուրեմն կձևավորվի փոքր միջին խավ, որն ունի տնտեսական անկախություն և ընտրությունների ժամանակ այդ մարդկանց հինգ հազար դրամով գնել հնարավոր չի լինի: Նաև դրա պատճառն է, որ աղքատությունը գնալով մեծանում է»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համաձայն չէ այս կարծիքին և կարծում է, որ պետք չէ ծայրահեղացնել: Նա նշեց. «Գործարար մրցակցության բնագավառում բավականին լուրջ խնդիրներ կան, և դրանք իսկապես մեկ օրվա լուծելիք խնդիրներ չեն, ինչպես ցույց է տալիս տարբեր երկրների փորձը: Նկատենք, որ բավական տեղաշարժեր կան և դրանք արտահայտվում են մասնավորապես այնպիսի օրինակներով, որ նախկինում դժվար էր պատկերացնել, որ որևէ օլիգարխի մոտ կարող է լինել ստուգումներ և հայտնաբերվեն խախտումներ դիրքը չարաշահելու վերաբերյալ: Սա առաջընթաց է: Բայց չի կարելի բավարարվել դրանով, քանի որ կարևոր նշանակություն ունի փաստաթղթաշրջանառության կարգավորումը, որը հանգեցնում է մենաշնորհների կամ շուկայում դիրքերի չարաշահումների, եւ որը հնարավորություն չի ընձեռում հավասար մրցակցային պայմաններ ստեղծել: Սա է պատճառը, որ որոշ խոշոր բիզնեսների ներկայացուցիչներ չեն տրամադրում միջին և փոքր բիզնեսների օբյեկտիվ պարտաթղթեր, որոնցով կարելի է հետո շղթան փակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31