«Երբ որոշում է կայացնում Եվրադատարանը, վճարումը կատարում է պետությունը` պետբյուջեից, որն էլ «գալիս» է քաղաքացիների հարկերի հաշվին: Ինչ վերաբերում է Եվրադատարանում «Եհովայի վկաների» հանդեպ Հայաստանի կրած պարտություններին, այսօրվա դրությամբ չունենք այնպիսի մասնագետ, որը կկարողանար ճշգրիտ ներկայացնել իրավիճակը: Վճիռները, որոնք առաջին անգամը չէ, որ շահում են «Եհովայի վկաները», մեր կողմից օրենքի չիմացության հետեւանք են, երբ որոշ պետական պաշտոնյաներ սխալ գործողություներ են կատարում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը` հավելելով, որ Եվրադատարանի կայացրած վճռի արդյունքում Հայաստանը «Եհովայի վկաներին» ընդհանուր առմամբ պետք է վճարի 112 հազար եվրո:
Ամարյանը հայտնեց, որ Եվրադատարանի կայացրած վճիռը կապված է վեց «Եհեվայի վկայի» ալտընտրանքային ծառայության հետ. «Նրանք չեն ընդունում ալտերնատիվ ծառայությունը եւ ասում, որ խախտվում են իրենց իրավունքները այն առումով, որ վերահսկողություն է կատարում Պաշտպանության նախարարությունը: Այդ հանգամանքը նրանք նույնն են համարում, ինչ զինծառայության տանելը: «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն ընդունելուց հետո ստեղծվեց հանձնաժողով, որի ղեկավարը, չգիտես ինչու, նշանակվեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ըստ «Եհովայի վկաների», դա Պաշտպանության նախարարության օղակներից մեկն է դառնում: Խնդիրը կայանում է նրանում, որ 2004թ «Եհովայի վկաներին» գրանցելուց եւ նույն թվականին «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը» ընդունելուց մեր ղեկավարությանը չտրամադրեցին տեղեկատվություն այն մասին, որ նրանք չեն ընդունում ծառայությունը: Օրենքը ընդունելուց հետո անտեսվեց այն հանգամանքը, թե արդյոք «Եհովայի վկաները» պատրա՞ստ են այլընտրանքային ծառայության: Բացի այդ, չկազմակերպվեցին օրենքի ներդրման հետ կապված համապատասխան միջոցառումներ: Չգիտես ինչու` «Եհովայի վկաները» համարում են, որ իրենց տրվող այլընտրանքային ծառայությունները նվաստացուցիչ աշխատանքներ են: Դատը շահած «Եհովայի վկաներից» ոչ մեկը ներկայումս այլընտրանքային ծառայություն չի իրականացնում»:
Ալեքսանդր Ամարյանի խոսքով. «Առհասարակ, իրենց պատմության ընթացքում «Եհովայի վկաները» սովոր են ծեծվողի դերում լինել: Նրանց աղմուկի շուրջ իրավաբանական գրասենյակները մեծ գումարներ են աշխատում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ