Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը երեկ տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքները բողոքարկելու է Սահմանադրական դատարանում:
«Ինձ համար անընդունելի են այս որակի ընտրությունները իմ երկրում, իմ թաղում: Այդ ձայները կապ չունեին հանրապետական թեկնածուի վարած քարոզարշավի, նրա նկատմամբ ունեցած համակրանքի ու արժանիքների հետ: Այդ թեկնածուն չլիներ Տարոն Մարգարյանի աներորդին, չլիներ իշխող կուսակցության թեկնածուն, ուղղակի կհավաքեր 0 ձայն: Որեւէ մեկը իր սեփական ոտքով դուրս չէր գա ու գնար տեղամաս՝ նրան ընտրելու: Ընտրություններին մասնակցողը ոչ թե թեկնածուն էր, այլ պետական ապարատը, իսկ պետական ապարատով հնարավոր է այդքան ձայն հավաքել: Թաղապետարաններին, քաղաքապետարանին, համատիրություններին հանձնարարել յուրաքանչյուրը 10 ձայն հավաքի եւ երթուղային տաքսիները երթուղային գծերից հանել ու տրամադրել այդ թեկնածուի ընտրողների առաքման համար… սա ամեն ինչ կարող է կոչվել, բայց ոչ երբեք Ռոբերտ Սարգսյանի ընտրություն կամ հաղթանակ»,- Aravot.am-ին ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ