Լրահոս
Օրվա լրահոսը

Լիճքի գյուղապետ. «Եթե վաղը գետով ջուր չհոսեց, ես թույլ չեմ տա ՀԷԿ-ն աշխատի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2012 16:37

Սյունիքի մարզի Մեղրու Լիճք գյուղում փոքր ՀԷԿ է կառուցվում, որի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել գյուղում: Լիճքում մեզ հանդիպած գյուղացիները վստահեցրին, որ իրենք ՀԷԿ-ի կառուցման մասին պատահաբար են իմացել, հասարակական լսումներ չեն եղել եւ գյուղացիները որեւէ մասնակցություն չեն ունեցել որոշման հարցում: «Անտառից մի ծառ ենք կտրում, գալիս են մեր վայը տալիս, բայց որ էնքան ծառեր են փչացնում` ոչ մի բան:

Պատահական եմ իմացել ՀԷԿ-ի մասին, տեղն էլ կոնկրետ չգիտեմ, բայց կարծում եմ, որ վատ չի լինի, գյուղից մարդիկ գոնե կգնան կաշխատեն, աշխատատեղ կբացվի», – նշեցին համայնքի բնակիչները:

Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյանը հաստատեց, որ հասարակական լսումներ գյուղում չեն անցկացվել, գյուղացիները վստահել են իրեն, որ վաղը, մյուս օրը խնդիրների առաջ չեն կանգնելու, ոռոգման, անասունների համար անհրաժեշտ ջրի պակաս չեն ունենալու, իսկ վնասի հասցման դեպքում էլ` համապատասխան փոխհատուցում է տրվելու: Բայց, ինչպես պարզվեց` փոխհատուցումների մասին որեւէ պայմանագիր չկա, միակ պայմանագիրը վարձավճարի մասին է, որի համաձայն` 1 քմ հողատարածքի համար 96 դրամ է պարտավորվում վճարել կառուցող ընկերությունը:

Ըստ գյուղապետի` ՀԷԿ-ի աշխատանքները դեռ չեն ավարտվել, մոտ 60 տոկոսն է արված նախատեսված աշխատանքների, այն դեռ ընթացիկ փուլում է: «Կոնկրետ որտեղ ՀԷԿ-ն է, դա իրենց սեփականությունն է: Իրենք օրինական բոլոր վկայականները հանել են կադաստրի պետական կոմիտեում, սիրուն, գեղեցիկ դրանք սխեմայում նշված է, որ այդ տարածքներն իրենցն է: Բացի այդ` մենք ունենք ջրային ռեսուրսների գործակալության հետ պայմանագիր: Այսինքն` նախ մենք պետք է մեր ոռոգելի ջուրը ստանանք, նոր արդեն էն ավելորդ ջուրը տանք իրենց: Վաղը եթե մեր գետում ջուր չլինի, մենք երբեւիցե չենք թողնի, որ ՀԷԿ-ը աշխատի: Ժողովուրդը վստահելով գյուղապետին, ավելի շատ վերցնելով իմ վրա, ես՝ որպես Լիճքի բնակիչ, խոստացել եմ, որ մենք երբեք թույլ չենք տա առանց ջրի մնա գյուղը: Այդ պայմանավորվածությանը բոլորը տեղյակ են եղել, որ ջուր լինելու է: Նաեւ վաղը կամ մյուս օրը 7-8 աշխատատեղ կլինի, մեր ժողովուրդը գոնե հերթափոխով կաշխատի», – հավելեց գյուղապետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31