Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ենք ընտրում կյանքի ընկեր

Դեկտեմբեր 03,2012 17:04

Բոլորը գերադասում են իրենց կողքին տեսնել գրավիչ կողակցի, սակայն ընտրություն կայացնելու հարցում, թե’ աղջիկները, և թե տղաները միշտ էլ դժվարանում են: Ըստ հոգեբանության՝ կան մեխանիզմներ, որոնք ընկած են զուգընկերոջ ընտրության հացում: Շատ մարդիկ իդեալականացնում են իրենց սիրո օբյեկտը՝ վերագրելով այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում չկան. ստացվում է՝ իրենք սիրում են իրենց հորինածին: Շատերը պնդում են, որ տղամարդը ընտրում է այնպիսի կնոջ, ով որոշակիորեն նման է իր մորը: «Երեխան, մեծանալով ընտանիքում, ընդօրինակում է իր ծնողներին, հիմնականում աղջիկները նմանվում են իրենց մայրերին, տղաները՝ հայրերին: Մայրը, ով խնամում է երեխաներին ու հոգում ընտանիքի բարեկեցության մասին, դառնում է իդեալական կնոջ կերպար տղա երեխաների համար,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանն ու հավելում,-շատ հաճախ տղամարդիկ ընտրում են նախասիրություններով իրենց մորը շատ նման կանանց, պատահում է նաև, որ նրանք մեծ ուշադրություն են դարձնում կանանց ձեռքերին, որ նուրբ լինի, ինչպես իրենց մայրերինը: «Ինձ համար ամենակարևորն այն է, որ տղամարդը արժանիքներ ունենա, դաստիարակված լինի, կրթված ու խելացի: Արտաքինը երկրորդական է, պարզապես չպետք է կարճահասակ լինի»,-ասում է 23-ամյա Մերին: Իսկ 25-ամյա Նարեկը ասում է. «Իմ ընկերուհին պետք է համեստ լինի, խելացի ու պարկեշտ: Արտաքինը ևս կարևոր է: Եթե ոչ գեղեցիկ, ապա գոնե հմայիչ պետք ա լինի»:
Շատերն էլ ընտրում են թե հոգեպես, թե արտաքնապես իրար նման մարդկանց: Վերջինիս վերաբերյալ հոգեբանն ասում է. «Մոտավորապես նույն արտաքին տեսքն ունեցող մարդկանց միջև կարող է ձգողական ուժ առաջանալ, որն էլ կարող է վերածվել ընկերության կամ սիրո: Սիրահարների համար ևս հաճելի է այլոց աչքին երևալ որպես հմայիչ և համապատասխան զույգ»,-ասում է Աննա Վարդանյանն ու նշում, որ այս մեխանիզմով առաջնորդվողների ընտրությունը կարող է լինել հաջողակ և իրատեսական: Հոգեբանի խոսքով՝ պատահում է նաև, որ ցանկանում ես կողքիդ տեսնել անթերի մեկին, ում տեսքը պարզապես շլացուցիչ կլինի, սակայն ստացվում է ճիշտ հակառակը: «Գեղեցիկի և տգեղի» համադրությունը պայմանավորված է նաև մարդու վախի զգացումով: Մարդիկ վախենում են մերժում ստանալուց և ընտրում են ավելի քիչ հմայիչ էակների: Մարդիկ վախենում են պարտություններից»,-նշում է Աննա Վարդանյանը:
Ինչպես ասում է հոգեբանը՝ տգեղ արտաքինի ետևում կարող են լինել մի շարք դրական հատկանիշներ: Դա է պատճառը, որ օրինակ՝ գեղեցիկ աղջկան տգեղ տղամարդու հետ տեսնելիս ակամայից մտածում ենք, որ գուցե տղամարդն ունի այնպիսի առավելություններ, ինչպիսիք են խելացիությունը, քաղաքավարիությունը և այլն, որ կինը սիրահարվել է նրան:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31