Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վաճառքի հանել ՊԵԿ նախագահի՝ Ծաղկաձորի առանձնատունը

Դեկտեմբեր 03,2012 16:08

Կառավարությունը Համաշխարհային բանից 12 մլն դոլարի նոր վարկ է վերցնելու՝ հարկային վարչարարության բարելավման նպատակով: Այսօր ԱԺ նիստում Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց, թե մասնավորապես ինչ են անելու այդ վարկով, ինչպես են վերազինելու իրենց տեխնիկան եւ այլն:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց՝ ասելով, որ կառավարությունը պարբերաբար տարբեր վարկային ծրագրեր է բերում, տարբեր տոկոսադրույքներով. «Մեր պատմության մեջ առաջին անգամ պետական բյուջեով արտաքին պարտքի սպասարկման գումարը 400 մլն դոլարի է մոտենում: Ինչո՞ւ կառավարությունը ներքին ռեսուրսների վրա չի հենվում: 12 մլն դոլար վարկը ի՞նչ է նշանակում, այն նորից փակելու է ՀՀ ժողովուրդը, ուստի էլի ժողովրդից է վերցվում, չէ՞: Շատ ոլորտներում կոռուպցիոն ռիսկն այնքան մեծ է, որ այդ առումով այդ 12 մլն-ը փոքր թիվ է: Մենք ամեն քառօրյային մեծացնում ենք ՀՀ պարտքի բեռը՝ ի հեճուկս կառավարության ստանձնած պարտավորության»:

Արմեն Ալավերդյանն էլ պատասխանեց. «Էլեկտրոնային հաշվետվությունների համար է դա պետք, ամառվա ընթացքում համակարգիչները կախվում են, գործը կանգնում է, այսօրվա մեր ունեցած տեխնիկական սարքերով հնարավոր չէ առաջ գնալ ու ապահովել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Մեզ անհրաժեշտ է ունենալ այդ ժամանակակից տեխնոլոգիաները»:

Նիկոլ Փաշինյանը ավելի հստակեցրեց իր հարցը. «Ես ասում եմ՝ գումա՞ր է պետք՝ այդ գումարը ներքին ռեսուրսներից վերցրեք: Օրինակ, Հարկային պետական տեսչության պետի ծաղկաձորյան առանձնատունը վաճառքի հանեք՝ 4 հատ այդպիսի ծրագիր կանեք: Մետրոյի հետ կապված, ամեն ինչի հետ կապված կառավարությունն ասում է ներքին ռեսուրսների վրա ենք հիմնվում, բայց անընդհատ վարկեր եք վերցնում»:

Արմեն Ալավերդյանը հիշեցրեց 90-ականների վարկերը՝ ասելով, որ մինչեւ հիմա դրանց տոկոսներն են փակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31