«Հայաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը հայտնել է, որ մտադիր է Սոչիում Նոյյան տապան կառուցել: Գրում է «Ժիվայա Կուբան» պարբերականը` հղում անելով «Երկրամաս» թերթին:
Այս հարցը նա քննարկել է Պետրոզավոդսկում՝ Կարելիայի ծովային կենտրոնի նախագահ և «Բևեռային Ոդիսևս» ակումբի նախագահ Վիկտոր Դմիտրևի հետ:
«Ինձ դուր եկավ Կարեն Բալայանի առաջարկը: Քննարկման արդյունքում մենք եզրակացրեցինք, որ բիբլիական նավի կառուցումը պետք է լինի միջազգային սոցմշակութային նախագիծ, որին հույս ունենք կմասնակցեն ոչ միայն մեր եղբայրական երկրներն ու ժողովուրդները, այլև շատ ուրիշ երկրներ ևս, առաջին հերթին` Սևծովյան-Միջերկրածովյան ավազանի երկրները, ինչպես նաև հայկական Սփյուռքը», – հայտնել է Վիկտոր Դմիտրևը:
Ըստ նրա, «Տապանի կառուցումը եզակի հնարավորություն է աշխարհի ամենահայտնի նավի վերակառուցման գիտափորձ անցկացնելու համար, ապացուցելու նրա գոյությունն ու լողունակությունը»:
Կարդացեք նաև
Կողմերը եկել են այն եզրակացության, որ տապանի համար ամենահարմար տեղը Սոչիի սևծովյան ափն է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ