Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները

Դեկտեմբեր 03,2012 15:43

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

<<2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի տների և գրադարաններ ջեռուցման խնդիրը>>,-նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ պարբերական ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքի 159 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պատասխանատուի զեկուցմամբ վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ  դրական տեղաշարժ է արձանագրվել հատկապես սննդի պիտանելիության ժամկետների և սանիտարական նորմերի պահպանման ուղղությամբ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առևտրի կանխարգելման միջոցառումներին` քաղաքապետը հանձնարարել է ամանորյա տոներին ընդառաջ կանոնակարգել և հսկողություն սահմանել բացօթյա ապօրինի առևտրուրը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև առաջարկություն ներկայացնել Կենտրոն վարչական շրջանում գյուղմթերքի տոնավաճառի կազմակերպման վերաբերյալ:

<<Մինչև ամանոր մեր քաղաքացիներին պետք է հնարավորություն տանք շահավետ և մատչելի գնումներ կատարելու: Վարչական բոլոր շրջանների կողմից կարող են ներկայացվել առաջարկներ այլ վայրերում ևս գյուղմթերքի շուկաների կազմակերպման հետ կապված>>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շարունակվում է մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրումը աշնանային տերևաթափից` այդ աշխատանքներում ներգրավելով նաև վարձակալներին: Հաշվի առնելով ավագանու տնտեսվարող սուբյեկտների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու մասին որոշումը` հանձնարարվել է հետևողական լինել և պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վերանայել վերջինների հետ կնքված պայմանգրերը:

Հասարակական տրանսպորտի  կանգառասրահների մուտքերի ու հարող հատվածների ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար գույքագրվում են կանգառասրահներում և հարակից տարածքներում առկա թերությունները, միաժամանակ տարվում վերանորոգման աշխատանքներ` ակտիվորեն ներգրավելով կանգառասրահները վարձակալական հիմունքներով շահագործող ընկերություններին:

Վարչական շրջաններում վերելակային տնտեսության ոլորտում 2012թ. կատարած աշխատանքների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված թերությունների հետ կապված` կապալառուներին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել դրանք:

Համապատասխան նեդրողների հետ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա հետիոտն անցումների կառուցման նախագծի վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում վերգետնյա անցումների բաշխումը կլինի ապակենտրոնացված և ցանկում կներառվեն նաև մյուս վարչական շրջանների համապատասխան տարածքները:

Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի 144 կամարանցումների գեղարվեստական ձևավորման և նկարազարդման աշխատանքները:

Վերահսկողության վարչության պետը ներկայացրել է վարչական շրջանների և քաղաքապետարանի թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքի ու  բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

<<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոնի>> տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2  ավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղիների  շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ է չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:

Ավարտվել են ամանորյա տոնական ձևավորման և լուսավորության ապահովման նախապատրաստական աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև մայր տոնածառի և վարչական շրջանների կենտրոնական տոնածառերի տեղադրումը: Ամբողջացվել է տոնական մշակութային ծրագիրը: Միջոցառումներ կանցկացվեն ինչպես վարչական շրջանների հրապարակներում, այնպես էլ բակային տարածքներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31