Հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիաները վավերացրած մեր երկրում փողոցներից, տրանսպորտից, հասարակական վայրերից սկսած` դեռեւս անմատչելի են հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: «Հաշմանդամների միջազգային օրվա» առիթով, հաշմանդամ մարդկանց խնդիրներից խոսելու համար այսօր «Ելակետ» ակումբ հրավիրված «Փարոս» հ/կ նախագահ Սուրեն Օհանյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Մհեր Վասիլյանը, «Հույսի կամուրջ» հ/կ շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը եւ «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը, որոնք նույնպես հաշմանդամություն ունեն,
մեծ դժվարությամբ էին հաղթահարել բարձրահարկ շենք մուտք գործելու արգելքները:
«Կա կոնվենցիա, չկա արդյունք: Շուտով մեր երկիրը զեկույց է ներկայացնելու ՄԱԿ-ին, ի՞նչ ենք ներկայացնելու»,-ասաց Սուրեն Օհանյանը: Նրա համոզմամբ, ոչ թե գումարներ չկան, այլ` պաշտոնյաները պարզապես ցանկություն չունեն հաշմանդամ մարդկանց համար ինչ-որ բան անելու:
ԱԺ փորձագետ Արման Մուշեղյանն էլ նկատեց. «Պետք է մի երկու պաշտոնյայի ոտքը ջարդենք, որ դառնան հաշմանդամ ու հասկանան, թե որքան դժվար է հաշմանդամի համար: Ինձ համար ամենակարեւոր խնդիրն այն է, երբ մարդիկ, որոնք չունեն հաշմանդամություն, ենթագիտակցորեն չեն կարող ընդունել եւ զգալ այդ ամենը: Երբ ոչ հաշմանդամ մարդը տուն է կառուցում իր համար, նա երբեւիցե չի նախատեսում ինչ-որ բաներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, նույնն էլ պետությունն է, երբ մենք կառուցում ենք պետություն եւ չենք ընդգրկում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ունենում ենք այն` ինչ այսօր ունենք: Մարդը մտածում է, որ ինքը մի օր կարող է մահանալ, բայց երբեւիցե չի մտածում, որ ինքը կարող է մի օր դառնալ հաշմանդամ»:
Կարդացեք նաև
Սուրեն Օհանյանի խոսքերով, որքան էլ ստեղծեն աշխատատեղեր, սակայն եթե չկա մատչելիություն, հաշմանդամները չեն կարող ոչ գնալ աշխատանքի, ոչ էլ մասնակցել հասարակական միջոցառումներին:
Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ,«Հաշմանդամների օրը» տոն չէ. «Դա մի օր է, որը հնարավորություն է տալիս հաշմանդամներին բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին: Եթե հաշմանդամ, հաշմանդամություն ունեցող մարդը չի մասնակցում պետության կողմից իրականացվող ծրագրերի մշակման փուլից մինչեւ իրականացմանը, ապա ցանկացած փոքրիկ նախաձեռնություն, որը մենք շատ դրական մղումներով փորձում ենք անել, չի իրականանա: Պետք չէ ինչ- որ բան անել հաշմանդամություն ունեցող մարդու համար, պետք է դա անել նրա հետ միասին, դա ամենակարեւոր սկզբունքն է, որը այսօր անտեսում են բոլոր մակարդակներում, եւ դա է պատճառը, որ մենք հաջողությունների չենք հասնում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ