Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Բրյուսելից բերել ենք նորմալ փաստաթուղթ»

Դեկտեմբեր 03,2012 14:55

ԱԺ 6 պատգամավորներով Բրյուսել էին մեկնել՝ մասնակցելու ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին: Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ընդունված եզրափակիչ հայտարարությունն արձանագրել է, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կարեւոր էր վերջին ամիսների Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանության ֆոնին:

Ս. Ֆարմանյանը նաեւ կարեւորեց եզրափակիչ հայտարարության այն կետը, որով հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի նախագահի որոշումը՝ ներում շնորհելու մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ համարելով, որ նրան հերոսացումը հակասում է միջազգային իրավունքին եւ նպաստում տարածաշրջանում լարվածության աճին: Ըստ հայտարարության, «դատապարտվում է ցանկացած սադրանք, որն էլ ավելի կմեծացնի լարվածությունն՝ առանց այդ էլ լարված ու փխրուն իրավիճակում»:

Տիգրան Ուրիխայանը կարեւորեց այն, որ պատվիրակության կազմը այցելեց ԼՂՀ եւ իրենց հետ մեր տեսակետը Եվրոպա կտանեն. «Այս պատվիրակության գործունեությունը հաջողված է եւ բացառիկ»:

«Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը կարեւորեց, որ որպես միասնական թիմ կարողացան հանդես գալ, թեեւ ունեին մի շարք հարցերի հետ կապված տարաձայնություններ: Առաջնորդվել են ՀՀ ազգային շահով առաջին հերթին:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այնպես չի, որ այս փաստաթղթի ամեն բառի տակ պատրաստ է ստորագրել ու հասկանալի է, որ գոյություն ունեն տարբեր ձեւակերպումներ, բայց ընդհանուր առմամբ, ըստ նրա, Բրյուսելից բերել են նորմալ փաստաթուղթ: Մասնավորապես, անհամաձայնություն է ղել հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված. «ԼՂՀ-ն ընդգրկված չէ որպես բանակցային կողմ, եւ դա իմ կարծիքով ամենամեծ խոչընդոտն է՝ կարգավորման իմաստով: Երբ խոսվում էր ԼՂՀ զորքերի մասին, շատ հստակ նշվեց, որ սխալ հասցեով են այդ հարցը քննարկում: Այդ հարցը պետք է քննարկել ԼՂՀ-ի հետ, դա իրենց իրավասության ներքո է, եւ որեւէ մեկն իրավասու չէ ԼՂՀ զորքերի տեղաշարժման հարց քննարկել: Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված էլ հաջողվեց ընդունելի ձեւակերպում տալ փաստաթղթում»:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կարեւորեց, որ հայտարարության տեքստի մեջ առաջին անգամ նշվել է «Հայոց Ցեղասպանություն» արտահայտությունը: Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ մենք հնարավորություն չենք ունեցել տեղում լինել ու տեսնել ադրբեջանցի պատվիրակների տեսքը, երբ այդ հայտարարությունն ընդունվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31