Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» ակումբում ներկայացրեց ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների: Մելիքյանի փոխանցմամբ՝ հետազոտությունն իրականացվել է 2 փուլով, մեթոդաբանությունը մշակվել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտում:
«Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը, մատչելիությունը: Դիտարկումն իրականացվել է 177 չափանիշներով՝ 150-ը բովանդակային, իսկ 27-ը տեխնիկական: Ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք, դրանք բաժանելով 3 խմբի. առաջինում՝ ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 35 կայքերն են, երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» միասնական ցուցակում, իսկ երրորդում՝ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, Սահմանադրական դատարանի, դատախազության, քաղաքապետարանի եւ ՄԻՊ կայքերը»,- նշեց Մելիքյանը, հավելելով, որ մոնիտորինգի երկրորդ փուլի ընթացքում իրենք կայքերից մեծամասնությունում արձանագրել են որոշակի բարելավում:
Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ կայքերում բացակայում են այնպիսի կարեւոր տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ, այդ մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերին, տվյալ պետական մարմնում անցկացված, կամ պետական մարմնի իրավասությունների շրջանակներում կատարված ստուգումների արդյունքներին վերաբերող տվյալներ եւ այլն: Կայքերին բնորոշ թերություններից է թափուր պաշտոնների մասին ցանկը, բավարար չեն տվյալները, թե ինչպես կարելի է բողոքարկել վարչական կամ դատական կարգով պաշտոնատար անձանց գործողությունները եւ այլն: «Օրինակ՝ արդարադատության նախարարության կայքում բացակայում են տվյալները խորհրդատվական, խորհրդակցական եւ կոլեգիալ բաժինների վերաբերյալ, ինչպես նաեւ համազգային ծրագրերի, ստուգումների վերաբերյալ տվյալներ»,- ասաց Մելիքյանը, ըստ որի՝ վատ վիճակում են գտնվում մասնավորապես ՀՀ նախագահի կայքը, այն բովանդակությամբ հագեցնելու, բարելավելու, թերությունները շտկելու կարիք ունի:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ